Կարեն Ճաղարյանը տանիք բարձրանալիս վայր է ընկել նկարահանումների ընթացքում․ դերասանը կիսվում է անհաջող դեպքի և «Կհանդիպենք անտառի տնակում»-ի մանրամասներով


14:36 , 5 հունիս, 2021

«Երկաթյա աստիճանն իմ ծանրությունից կոտրվեց՝ բաժանվեց երկու մասի, ու ես 2 մետրից ընկա ցած։ Նկարահանող խմբի մոտ վախից մի քանի վայրկյան լռություն էր»,- BlogNews.am-ի հետ զրույցում հիշում է «Outdance» և «Երկուսով» հեռուստասերիալներից հայտնի դերասան Կարեն Ճաղարյանը՝ պատմելով «Կհանդիպենք անտառի տնակում» 24 սերիայից բաղկացած ֆիլմի նկարահանումների մասին։ Նշենք, որ ֆիլմը, որի ռեժիսորը Սերգեյ Հայրապետյանն է, իսկ սցենարիստը՝ Անի Մաղաքյանը, շուտով կմեկնարկի «Նոր Հայաստան» հեռուստաալիքի եթերում։

Հեռուստասերիալի գլխավոր դերերում Բեն Ավետիսյանն ու Իննա Խոջամիրյանն են։ Նախագծում նաև հանդես կգան Լիա Զախարյանը, Գոշ Հակոբյանը, Սուսաննա Բաղդասարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Ալինա Ավետիսանը, Աշոտ Եդիգարյանը, Իրինա Այվազյանը։ 

Կարենը բացում է իր կերպարի հետ կապված հետաքրքիր մանրամասներ՝ պատմելով, որ «Երկուսով» հեռուստասերիալում բացասական դեր կերտելուց հետո կտրուկ անցումը դեպի ազնիվ, բարի, տեղ-տեղ միամիտ գյուղացու կերպար իր համար բավականին հետաքրքիր ու հաճելի էր։
«Կերպարս գյուղացի տղա է, գլխավոր հերոսի մտերիմ ընկերը։ Կերպարն ինձ այդքան էլ խորթ չէր, քանի որ գյուղից ընկերներ շատ եմ ունեցել։ Պարզապես, դժվար էր եթերային գյուղացի խաղալը։ Սա սիրային ու կոլորիտային ֆիլմ է, որտեղ քաղաքում ապրող մարդը չի պատկերացնում, թե գյուղն ինչ բան է,  իսկ գյուղում ապրող մարդը չի պատկերացնում, թե ինչպիսին են քաղաքում ապրողները։ Սցենարը գնում է հակասությունների այս լարի վրայով»,- հավելում է նա։

Ինչ վերաբերում  է նկարահանումների ընթացքում տեղի ունեցած զավեշտալի դեպքերին՝ Կարենն իր փոքրիկ «անհաջողություններով» բավականին վախեցրել  է նկարահանող խմբին, սակայն բարեբախտաբար ողջ-առողջ է հաղթահարել իր առաջ հայտնված փորձությունները։ 

«Նկարահանումների հենց առաջին օրը, երբ պետք է աստիճանով բարձրանայի տանիք, այդ երկաթյա աստիճանն իմ ծանրությունից կոտրվեց՝ բաժանվեց երկու մասի, ու ես 2 մետրից ընկա։ Պարային հմտություններս իմ կյանքը փրկեցին․ մեկ ոտքի վրա իջա ու չվնասվեցի։ Նկարահանող խմբի մոտ մի քանի վայրկյան լռություն էր։ Հետո, երբ ձայնս լսեցին, տեսան, որ ամեն բան լավ է, սկսեցին ծիծաղել։ Նշեմ, որ իմ տեսած լավագույն թիմերից մեկն է հավաքվել:

Ես ընկել եմ նաև անասնագոմի տանիքից։ Այդ ընկնելը հաճախ է ստացվում»,- ժպիտով հիշում է Կարենը։

Մեզ հետ զրույցում դերասանը նաև կիսվում է, թե առաջնահերթ ինչին է ուշադրություն դարձնում հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ ստանալիս․ «Առաջարկ ստանալիս ինձ համար ամենակարևորը ռեժիսորի գործոնն է։ Դա այս դեպքում նույնպես շատ մեծ դեր խաղաց, որովհետև եթե Սերգեյն է ռեժիսորը, արդեն գիտեմ, թե ինչ է լիենլու։
Հաջորդ կարևոր բանը, որին ուշադրություն եմ դարձնում սցենարն է։ Երբ «Կհանդիպենք անտառի տնակում»  սերիալի սցենարը կարդացի, այն ինձ շատ հետաքրքրեց՝ կոլորիտային էր։ Լավ ֆիլմ նկարահանելու համար ամենակարևորը հենց սցենարն է:
Բայց որակ տալը միայն ռեժիսորի և սցենարիստի գործը չէ․ պրոդյուսերից մինչև ոճաբան՝ ողջ ստեղծագործական թիմից է կախված որակը»։

Կարենը նաև կարծում է, որ յուրաքանչյուր դեր կերտելը  դերասանի պարտականությունն է։ Նա հայտնում է, որ չի խուսափում նաև բաց կամ համբույրի տեսարաններից։
«Եթե ես համաձայնվել եմ այդ ֆիլմում նկարահանվել, ապա կնկարահանվեմ նաև բաց կամ համբույրի տեսարանում, որովհետև գիտեմ, թե ինչի հետ գործ ունեմ։ Իհարկե, հայկական մենթալիտետը շատ է ազդում այդ ամենի վրա, շատերն են խուսափում նման տեսարաններից։ Կարծում եմ, որ նման տեսարաննեին պետք չէ ծայրահեղական վերաբերվել ու կարևոր է, որ ամեն ինչ լինի գեղեցիկ ու էսթետիկի»,-նշում է նա։

Կարենը մեզ հետ զրույցում հայտնում է, որ աշխատում է նոր, պարային նախագծի վրա։ Հնարավոր է նաև, որ որպես դերասան նա հանդես գա երկու նախագծերում, որոնց փակագծերը նա դեռ չի ցանկանում բացել։ 

Կարենը նշում է, թե որն է հայկական սերիալների գլխավոր խնդիրը․ «Ներկայացվում է այն, ինչի պահանջարկը կա։ Ես կարծում եմ, որ պետք է ճիշտ հակառակը լինի։ Պետք է թելադրեն ռեժիսորն ու սցենարիստը ու տան որակով բան, որովհետև հաճախ հեռուստադիտողին ինչ էլ տաս, դա էլ կտանի։ Սակայն բարեբախտաբար, կան մարդիկ, ովքեր չեն նայում պահանջարկին, այլ որակ են ստեղծում»։

Անդրադառնալով դժվար 2020 թվականին Կարենն ասում է, որ այս ընթացքում ֆիլմերում ու սերիալներում պեքտ չէ շատ ծեծված դարձնել պատերազմի թեման, մանավանդ այն դեպքում, երբ այն դեռ չի ավարտվել․ «Հիմա պետք է բարի բաներ նկարահանել, ձերբազատվել դավաճանությունների, սպանությունների ու նման այլ դաժան թեմաներից, մարդկանց տալ միայն բարի, դրական էմոցիաներ, որեպսզի այս խառը վիճակից հնարավոր լինի կարճ ժամանաով ցրվել»։

Կարենը ռազմաճակատում նույնպես ուներ հարազատներ․պատերազմում զոհվեցին նրա մտերիմներից բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը և Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը։

«Հաղթահարել եմ այդ ցավը, թե ոչ․․․ Իրականում դա մի փոքր հարաբերական է։ Կարծում եմ, որ երբեք չեմ հաղթահարի այդ ցավը, սակայն երբ հասկացա, որ այդ մտքերից ես էլ այլևս չեմ կարողանում ապրել, այդ միտքը պահեցի խորը տեղ, ու աշխատում եմ ինչ-որ կերպ ցրվել»,-ցավով ասում է Կարենը։

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի