«Երբ ես մոդել էի, հիշում եմ, թե որքան դժբախտ էի...»․ Գոհար Հարությունյանը՝ 5 երեխաների մայր լիենլու և դստեր հասցեին չարախոսությունների մասին


13:41 , 5 հունիս, 2021

«Երբ ես մոդել էի, հիշում եմ, թե որքան դժբախտ էի, բայց դա  շատ կարճ տևեց, ես հրաժարվեցի դիետաներից»,-  Blognews.am-ի հետ զրույցում պատմում է «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրեն Գոհար Հարությունյանը՝ խոսելով բազմազավակ մայր լիենլու դժվարությունների և դստեր հասցեին չարախոսությունների մասին։

Խոսելով երեխաների մասին՝ Գոհարը կիսվում է, թե ինչպես ընտանիքով նշեցին հունիսի 1-ը: Նա  նշում է, որ հունիսի 1-ի առթիվ փոքրիկների համար նվերներ չէին նախատեսել։ «Ինչի կարիք ունենում են, դա ենք գնում, շատ ճոխություններ չենք անում, բայց երեխաներն էլ են շատ համեստ, պահանջկոտ չեն։ Շատ են սիրում կենդանիներ։ Հիշում եմ, որ նվիրել ենք նապաստակ կամ խամյակ, սակայն մեկ է կարճ ժամանակ անց հետ ենք ուղարկել»,- ժպիտով պատմում է Գոհարը։

Բազմազավակ մայրիկը նշում է, որ հիմա իր երեխաները բարդ տարիքում են, յուրաքանչյուրն իր բնավորությունն ու հետարքրքությունն ունի։
«Ամբողջ օրը հոգեբանական աջակցություն եմ ցուցաբերում։ Մեծ տղայիս հետ ավելի շատ խոսում է ամուսինս։ Ինձ օրը մեկի համար կանչում են դպրոց կամ մանկապարտեզ, ու ստացվում է, որ ամբողջ շաբաթն անցկացնում եմ այնտեղ։ Բայց անգամ դա ինձ դուր է գալիս»,-ասում է Գոհարն ու հավելում, որ չնայած միմյանց նկատմամբ երեխաները շատ հոգատար և ուշադիր են՝ միևնույն է, կա մի բան, որն անչափ բարկացնում է իրեն։

«Փոքրիկներից Սոֆենան մեկ-մեկ փախչում է, հեռու է գնում։ Միակ բանը, որ չեմ սիրել երեխաներիս մեջ, դա է եղել․ շատ համարձակ են ու կարող են հեռու գնալ։ Ես միայն նրանց անվտանգության համար են մտածում։ Եղել է նաև դեպք, որ փախչի ու խուճապ ստեղծվի։ Ընդհանրապես շատ դեպքեր են լինում՝ մատները դռան տակ թողնել, աստիճաններից գլորվել, դանակով կտրվել, հեմատոմաներ, ուղեղի ցնցումներ, բոլորին փրկել եմ լողավազանում խեղդվելուց։ Դե երեխա են»,- հիշում է մայրիկը։


Գոհարը կիսվում է, որ անգամ երեխաների լացի և առհասարակ, ամեն մանրուքի պատճառով նախկինում շատ էր սրտնեղում, բայց այժմ այդ զգացողությունն իր մոտ բթացել է, մատների արանքով է նայում մանրուքներին։
«Ես շատ ծանր էի տանում, ու մտածում էի, որ երրորդ երեխայից հետո կփոխվեմ, բայց քանի որ երրորդ բալիկս առողջական խնդիրներ ուներ, ես սարսափելի հոգեբանական խնդիրներ ունեցա՝ ընկճվածություն, պարփակվածություն։ Բայց հիմա հինգ երեխաներիս հետ ավելի հեշտ եմ ամեն բան հասցնում, քան նախկինում մեկի»,- խոսոտվանում է նա։

Շատերը պնդում են, որ ֆինանսական ապահովվածության դեպքում բոլորն էլ կցանկանան երեխա ունենալ, սակայն Գոհարն այդ կարծիքին չէ․ «Ֆինանսական տեսանկյունից ամենակարևոր բանը օգնող ձեռք ունենալու հնարավորությունն է, որպեսզի մայրիկը կարողանա աշխատել, շունչ քաշել, ցրվել աշխատանքով, երբեմն ճանապարհորդել։ Ես այն կանանցից չեմ, ովքեր ասում են՝ ինձ ոչ ոք չի օգնում, բայց ես ամեն ինչ հասցնում եմ։ Ոչ, անգամ հիմա ես շատ բան թերի եմ անում, չեմ հասցնում, որովհետև երեխաների տարիքային տարբերությունը փոքր է, իսկ գործը, քաոսը՝ շատ։ Շատ դժվար է իհարկե, բայց արժե:

Դայակ միշտ ունեցել ենք, միայնակ անհնար կլիներ։ Մենք մեծ տարիքում ենք երեխաներ ունեցել, ու տատիկների օգնությունը չի եղել, բայց իմ դայակները միշտ օգնել են, նվիրված ու հոգատար են եղել։
Ապացուցված է վիճակագրությամբ, որ շատ երեխաներ ունենալը գումարի հետ կապ չունի։ 
Բայց կարծում եմ, որ կլիներ շատ-շատ դժվար, եթե գումար չլիներ։ Ինքս էլ երրորդ երեխայից հետո շատ հյուծված էի, սակայն ամուսինս ասաց՝ դու միայն ունեցիր, մնացածի հետ գործ չունես։
Բայց երբ երեխադ լացում է, չես կարող սառնասրտորեն թողնել նրան դայակի մոտ»։

Ավելի վաղ համացանցում տարածվել էր Գոհարի ֆեյսբուքյան գրառումը, որում նա պատմել էր դստեր նկատմամբ բուլինգի մասին։
Հիշեցնենք, որ ինչ-որ կին նրա դստերը գեր էր անվանել, ինչի հետևանքով փոքրիկ աղջնակը բարդույթավորվել էր։ 
Գոհարը խոստովանում է, որ դա միակ դեպքը չէ։ Խոսելով թե՛ մեծերի, թե՛ փոքրերի անհանդուրժողականությունից՝ Գոհարը հիշում է, որ վերջերս հետևորդներից մեկը դստեր լուսանկարի մեկնաբանություններում գրել էր․«Սարքած ա Բիայնան»։

«Իհարկե, դա գալիս է ծնողից. ծնողը սիրուն աղջիկ տեսնելիս ասում է՝ սարքած է, և այդ արտահայտությունը փոխանցվում է երեխային, ես երեխաներին չեմ մեղադրում։ Կանայք պետք է այնքան ինքնաբավ լինեն, այնքան կենտրոնացած լինեն իրենց կյանքի, աշխատանքի վրա, որ երեխաները նման բան չլսեն նրանցից։

Ես գեղեցկության մրցույթի բնագավառում եմ, բայց գիտակցում եմ, որ չափանիշները փոխվել ու հոգևոր են դարձել, սակայն Հայաստանում դա դեռ չի եկել։ Բոլորին արտաքին տեսքով են չափում։ Մենք շատ ենք արտաքինին ուշադրություն դարձնում, քննադատում, փնովում։ Հիմա երեխաներս բարդույթային տարիքում են, ու ես բացատրում եմ, որ բոլորը պետք է մերվեն այն արտաքինի հետ, որն ունեն»,-բացատրում է Գոհարը և ցավով նշում, որ երեխաները նման չարախոսությունները շատ լուրջ են ընդունում։

«Բիայնան հիմա նկարահանվում է սերիալում, ու երբ կարդում է յութուբյան անգամ մեկ բացասական մեկնաբանություն, շատ է ազդվում։ 
Ամբողջ օրը խոսում եմ նրանց հետ
։ Պետք է սպասել, որպեսզի այդ տարիքն անցնի»,-ասում է նա։

«Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրենը պատմում է, թե ինչպիսին է տանը իր դուստրերի նկատմամբ․«Քանի որ ես գիտեմ գեղեցկության մրցույթի մասնակիցների չափանիշները, որոնք պետք են ցանկացած կնոջ, ես երեխաներիս անդադար ասում եմ, որ պետք է շատ գիրք կարդալ, լինել կրթված, ունենալ գեղեցիկ բանավոր խոսք, որովհետև արտաքին տեսքի հիացմունքից հետո պետք է երևա ներքին գեղեցկությունը։ Լեզուների իմացությունն ինձ համար նույնպես գեղեցկության չափանիշներից է համարվում։ Զբաղվում ենք սպորտով, սահմանափակում եմ քաղցրը, բայց սնունդը չեմ վերահսկում, անգամ զայրանում եմ, երբ դիետա են պահում, որովհետև դա թե՛ աճի, թե՛ տրամադրության վրա ազդում է։ Երբ ես մոդել էի, հիշում եմ, թե որքան դժբախտ էի, բայց դա  շատ կարճ տևեց, ես հրաժարվեցի դիետաներից»։

 

Գոհարը նաև պատմում է, թե ինչպես երեխաները կարողացան հաղթահարել դժվար 2020 թվականը․ «Երեխա են, շատ չէին հասկանում, բայց մեր խուճաը փոխանցվում էր, որքան էլ փորձում էի դերասնություն անել։ Մտերիմներ ու զոհեր ունեինք ռազմաճակատում։ Իհարկե, իմ մեջ էլ վախ կա, ես էլ ունեմ որդիներ, շատ մտահոգված ու անհանգիստ եմ մեր ապագայի համար։ Ես 2000-2005 թվականին բնակվել եմ ԱՄՆ-ում, բայց հետո վերադարձել եմ։ Ամուսնությունից հետո մեկնել եմ Մոսվա, բայց կրկին հետ եմ եկել։ Ես անընդհատ հետ եմ գալիս, ու շատ երեխաներ ունենալու նպատակը ոչ միայն մեր անձնականի, այլ մեր երկրի ու հայրենիքի համար էր։ Ես միշտ էլ կոչ եմ արել, որ բոլորը շատ երեխաներ ունենան։ Ունենալով դրսում ապրելու բոլոր  հնարավորություները՝ արել եմ ամեն ինչ, որպեսզի ապրեմ իմ երկրում»։

Իր խոսքը Գոհար Հարությունայնը եզրափակում է՝ պատմելով ապագա ծրագրերից․ «Հիմա պետք է կազմակերպենք ազգային գեղեցկության մրցույթը, որովհետև տարվա վերջում պետք է ընտրենք «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների համար մասնակիցներ։ Մոնիկայից հետո շատ-շատ դիմումներ ունենք այս տարի»։  

Նյութը՝ Տաթևեր Լազարյան