Բյուջետային տարվա կեսից «Վանաձոր ԲԿ»-ի 370 աշխատակցի աշխատավարձի բարձրացումը ընտրակաշառք լինել-չլինելու հարցը պատշաճ գնահատելու նպատակով հարցում է կատարվել․ «Ընտրությունների վերահսկման կոմիտե»


21:42 , 3 հունիս, 2021
«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Վահագն Մկրտչյանի գրառումն այն մասին, որ նույն կուսակցության պատգամավորի երկու այլ թեկնածուների (մարզպետի և առողջապահության նախարարի պաշտոնակատարի) օժանդակությամբ, հունիս ամսից 10-20%-ով բարձրացվել է Բժշկական կենտրոնի շուրջ 370 աշխատակցի աշխատավարձ։
Ծանր բյուջետային տարվա կեսից աշխատավարձի նման կասկածելի բարձրացումը ընտրակաշառք լինել-չլինելու հարցը պատշաճ գնահատելու նպատակով Ընտրությունների վերահսկման կոմիտեի անունից կատարվել է պատգամավորական հարցում՝ հետևյալ հարցադրումներով.
1) ի՞նչ օժանդակություն են ցուցաբերել ՔՊ ցուցակով պատգամավորական թեկնածուներ մարզպետը և նախարարի պաշտոնակատարը.
2) ո՞րն է ֆինանսական օժանդակության աղբյուրը.
3) ինչո՞վ է պայմանավորված հունիս ամսից, այսինքն՝ բյուջետային տարվա կեսից աշխատավարձերի բարձրացումը՝ այն դեպքում, երբ բյուջեն սովորաբար հաստատվում է նախորդ տարվա վերջին և բոլոր ծախսային բաղադրիչներն արդեն իսկ տարին սկսվելուց հաստատված են լինում:
Ընթացքի մասին հանրությանը կտեղեկացնենք լրացուցիչ։