Նիկոլ Փաշինյանի խոսքում ոչինչ չլսեցի Վերին Շորժայի սահմանի հատվածի մասին, նշանակում է՝ այնտեղ ներխուժած ադրբեջանցիները շարունակելու են մնալ հայկական տարածքում. Թագուհի Թովմասյան


21:18 , 27 մայիս, 2021

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին ու միջազգային հանրությանն արած առաջարկին, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումները հեռանում են Սոթք-Խոզնավար սահմանային հատվածից, դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվում են դիտորդները, դրանից հետո տեղի են ունենում սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ:

Նա մասնավորապես նշել է՝ Նիկոլ Փաշինյանի խոսքում ոչինչ չկար Վերին Շորժայի սահմանի հատվածի մասին, նշանակում է, որ այնտեղ ներխուժած ադրբեջանցիները շարունակելու են մնալ հայկական տարածքում:

«Ուշադրությամբ լսեցի վարչապետի խոսքերը եւ ուզում եմ հասկանալ՝ «ելման դիրքեր» ասվածն ինչ է իրենից ենթադրում։ Որտե՞ղ է ելման դիրքը եւ որտեղից պետք է հայելային հետ նահանջենք մենք՝ նույնն ակնկալելով Ադրբեջանից։

Նշվում է Սոթք-Խոզնավար համայնքների մասին եւ ինձ մոտ տպավորություն է, որ մենք ինքնաբերաբար Հայաստանի տարածքները կիլոմետր-կիլոմետր զիջում ենք:

Վարչապետի խոսքում ոչինչ չլսեցի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանի հատվածի մասին, ինչը նշանակում է, որ այնտեղ ներխուժած ադրբեջանցիները շարունակելու են մնալ հայկական տարածքում»,- գրել է Թովմասյանը: