Պատերազմից հետո առավել քան երբևէ պետք է ապրել


23:49 , 15 մայիս, 2021

168.am-ը գրում է․

Նարինեն ապրող ու արարող Արցախի իսկական մարմնացում է: Այնքան հաճախ ընդհատվող խաղաղության կամ գուցե ընդհատվող պատերազմի ժամանակ երբեք չհուսահատվողն ու չհանձնվողը: Արցախի դպրոցներում սեր դասավանդողն է Նարինեն, կրթությունն ու հույսը ամենահեռավոր գյուղեր տանողը, որ հերոսին հատուկ սիրով է սիրում իր աշխատանքը:

Մասնագիտությամբ լրագրող է, բայց երբ 2016 թ. սկսվեց ապրիլյան պատերազմը, Արցախ մեկնեց որպես բուժքույր, թեև խոստովանում է, որ վիրակապել զինվորներից է սովորել: Ապրիլյան պատերազմի մասին է Նարինեի «Աղջիկ կամավորականի օրագիր»-ը: Պատերազմից հետո «Դասավանդի՜ր, Հայաստան» ծրագրով մեկնել է Արցախի հեռավոր Վաղազին գյուղ, 2 տարի հայոց լեզու և գրականություն դասավանդել տեղի դպրոցում: Արցախյան կյանքը ևս 1 տարով ընդհատվել է ծրագրի ավարտից հետո, երբ Նարինեն վերադարձել է Երևան, աշխատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:

-Ինձ համար չափազանց դժվար էր այդ մեկ տարին` առանց երեխաների, առանց խաղաղ ու հանգիստ գյուղի, աղմուկով լի քաղաքում։ Մտքերս, սիրտս, երևի ամեն ինչ մնաց Արցախում: Որոշեցի վերադառնալ տուն ու վերադառնալ երբևէ եղած ամենակարևոր ոլորտ` կրթական ոլորտ։

Հետո նորից պատերազմ: Այս անգամ 2020 թ., ավելի երկարատև, ավելի կորստաբեր…

-Առաջին օրերին Ստեփանակերտում էի, փորձում էի օգնել ինչ-որ կերպ։ Հետո արդեն, երբ չէի կարողանում կամավոր օգնել, վերադարձա Երևան։ Այնտեղ մեր ուսուցիչների հետ սկսեցինք աշխատել ՀՀ տեղափոխված արցախցի երեխաների հետ, որպեսզի շատ հետ չմնան կրթական պրոցեսից։ Իսկ պատերազմի վերջին հատվածում արդեն եղբորս էի խնամում, ով ծանր վիրավորվել է Արցախում։

Այս պատերազմից հետո էլ Նարինեն նույն վճռականությամբ շարունակում է աշխատել Արցախի տարածաշրջանային կենտրոնի գրասենյակում` որպես Առաջնորդության զարգացման ղեկավար։

-Արցախ վերադարձիս առիթը նորից «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրն է: Երբ պետք է վերադառնայի, եղբորս հարցրեցին` չե՞ս նեղվում, որ քույրդ գնում է, ասաց` չէ, եթե չգնա, իմ այս վիճակում լինելն անիմաստ կդառնա։ Ես նաև այդ պատճառով եմ հիմա այստեղ։ Դե՝ ու երեխաները։ Եթե չաշխատենք երեխաների հետ, երբեք այս ճահիճից դուրս գալու հնարավորություն չենք ունենա։ Պատերազմից հետո աշխատանքը բավական բարդացել է։ Աշակերտները կենտրոնացման խնդիր ունեն, երևի նաև շփոթված են շատերը։ Մյուս կողմից կա աշակերտների` կրթությունը վերարժևորելու կարիք։

Աշխատանքային ծրագրերը շատ են: Կարճ ժամանակահատվածում հասցրել է լինել գրեթե բոլոր գյուղերում, որոնք հիմա հասանելի են: Ասում է՝ Արցախում գարունանում է:

-Պատերազմից հետո առավել քան երբևէ պետք է աշխատել, շատ աշխատել, կռիվ տալ հանուն ապագայի ու ապրել Հայաստանում, Արցախում։ Գիտեմ, որ պետք է ապրել, գիտեմ, որ պետք է սիրել իրար, պետք է գիտակցել բոլորիս մեղքի բաժինը, իրար պինդ գրկել, ներել, շարունակել ապրել։ Հակառակ դեպքում ավելի շատ կմնանք առանց իրար:

Նարինեն ընտրել է մեր հայրենիքում ապրելն ու արարելը։ Ընտրել է այս ժամանակը՝ Արցախում լինելու… Որպես տեր, ոչ որպես զբոսաշրջիկ:

-Հիշու՞մ եք, երբ ռմբակոծված տների նկարներ էինք տեսնում, բոլորիս մտքում գալ, նորոգելն էր։ Հիմա է ժամանակը։ Հիմա է ժամանակը հաղթելու պատերազմի հետևանքներին։

Արցախն ամենամեծ սերն է, բայց Արցախում էլ կարոտներ կան: Եղբորն է կարոտում և Տավուշին: Նարինեն ծնվել է Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: «Իսկ Երևա՞նը»,- հարցնում եմ.

-Երևանն ամենամեծ սիրո քաղաքն է, բայց ես հիմա այստեղ` Արցախում եմ ապրում ամենասիրուն ու կարևոր զգացողությունները։