Բեն Ավետիսյանի, Իննա Խոջամիրյանի և Իրինա Այվազյանի սիրային եռանկյունին՝ նոր հեռուստասերիալում․ առաջին մանրամասները


14:01 , 15 մայիս, 2021

Tert.am Լife-ը գրում է.

Դերասան Բեն Ավետիսյանն այս շրջանում բավականին զբաղված է․ միաժամանակ ներգրավված է երկու նախագծում՝ «Նոր Հայաստան» հեռուստաալիքի «Սրտին հակառակ» հեռուստասերիալում և 24 մասանոց նոր նախագծում, որի առաջին մանրամասները պատմել է  Tert.am Life–ին։ Նախագծի սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է։

Այսօր Բենն ու նկարահանող խումբը կմեկնեն Լոռու մարզ, որտեղ կկայանան նոր հեռուստասերիալի նկարահանումները։

«24 մասանոց նախագիծ է, որի առաջարկը ստացա մի քանի օր առաջ: Սցենարը դուրս շատ եկավ, կարծում եմ՝ երիտասարդների  համար շատ հետաքրքիր կլինի: Ծանր ֆիլմ չէ։ Ես մարմնավորվում եմ հերոսին, որը գյուղում ապրող տղա է: Շատ բարի, բայց բնավորությամբ մի քիչ չոր, կոպիտ տղա է: Մի քիչ չոբան է աղջկա հետ շփվելիս, բայց դա ավելի շատ կոլորիտ է տալիս։ Գործողությունները զարգանում են հենց գյուղում, որտեղ քաղաքից գալիս է  աղջիկ ու հետաքրքիր զարգացումներ են լինում»,– ասաց նա ու հավելեց, որ քաղաքից եկած հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որի հետ էլ զարգանում է նրա սիրային գիծը։

Իհարկե, ձևավորվում է սիրային եռանկյունի, որի երրորդ կողմում դերասանուհի Իրինա Այվազյանն է՝ Բենի հերոսի մանկության ընկերուհին, գյուղում ապրող աղջիկ, որը միշտ սիրահարված է եղել հերոսին։

Բենն ու Իննան միասին խաղացել են, բայց առաջին անգամ կներկայանան որպես սիրային զույգ․ «Իննայի հետ առաջին անգամ ենք զույգ խաղում, սակայն նրա դերասանական խաղին, մարդկային տեսակին ծանոթ եմ։ Շատ լավ խաղընկեր է, շատ է աշխատում իր կերպարի վրա, պարզապես սցենար չի կարդում ու տեքստ ասում։ Երբ խաղընկերներդ պրոֆեսիոնալ են, ամեն ինչ շատ ավելի հեշտ է տրվում»։

Իսկ ահա մյուս խաղընկերուհու՝ Իրինայի հետ Բենը ներկայացել է որպես զույգ, ավելի նրանց զույգը «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում շատ էր սիրվել։ Այս անգամ Իրինայի հերոսուհին անհույս է սիրահարված Բենի կերպարին։

«Երբ իմացա, որ մյուս խաղընկերուհիս Իրինան է, ինձ համար է՛լ ավելի հետաքրքիր էր, որովհետև նախորդ նախագծում իմ կերպարն ամեն ինչ անում էր, որպեսզի հասներ Իրինայի կերպարին։ Այստեղ մանկության ընկերներ ենք,  իր կերպարն է ինձ սիրահարված, իսկ ես իրեն վերաբերում եմ որպես քրոջ։ Հետաքրքիր է Իրինային տեսնել այդ կարգավիճակում և գյուղական կերպարով»,– ասաց դերասանը։

Հեռուստասերիալում խաղում են նաև Ռոբերտ Հակոբյանը, Աշոտ Եդիգարյանը, Գոշ Հակոբյանը, Ջուլիա Եղշատյանը և այլք։

Սովորաբար Բենը ոճային, երբեմն, գլամուրային  կերպարների է մարմնավորել, որտեղ շեշտված է եղել նրա արտաքինը, գյուղացի տղայի մարմանավորելը նրա պրակտիկայում նոր փորձ է, ինչն էլ գրավել է դերասանին։

«Կարծում եմ՝ ավելի  հեշտ կհասնեմ այս կերպարին, քանի որ ինքս միշտ ձգտել եմ խաղալ ավելի հասարակ կերպարներ։ Երբ հարուստի տղայի ես խաղում, հագուստդ, արտաքինդ տրամադրում են կերպարին, բայց  գյուղում ապրող, կենցաղով զբաղվող կերպարն ավելի լավն է ու ավելի շատ է խորանալու հնարավորություն տալիս։ Ինձ շատ հետաքրքիր է և՛ կերպարը, և՛ այն փաստը, որ ամբողջ անձնակազմով գնալու ենք գյուղ, որտեղ մնալու ենք բոլորով, տեսնելու ենք տեղի բարդություններն ու նկարահանվելու ենք։ Կենցաղը դժվար է լինելու, ամենատարրական լողանալու պայմաններից սկսած, բայց հետաքրքիր է լինելու»,– ասաց նա ու հավելեց, որ նկարահանումների 80 տոկոսը լինելու են գյուղում, մյուս մասը՝ քաղաքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: