«Ինտերստելլարն» իրական կյանքում. ՆԱՍԱ-ն պատրաստվում է առաջին ապարատն ուղարկել միջաստղային տարածություն


20:30 , 15 մայիս, 2021

Գիտաֆանտաստիկ «Ինտերստելլար» ֆիլմն իր ժամանակ մեծ քանակությամբ երկրպագուներ ուներ։ Եվրոպայի և Ամերիկայի գիտնականները ոգեշնչվել են ֆիլմի գաղափարով և որոշել են տիեզերական ապարատ ստեղծել, որը մեր մոլորակից ռեկորդային հեռավորության վրա կհասնի՝ 149 մլրդ կմ։ Ապարատը կանվանեն Interstellar Probe:

Ինչպես հայտնում է Երկիր մոլորակի մասին գիտությունների եվրոպական միությունը՝ թռչող սարքն անօդաչու կլինի։ Այն Արեգակնային համակարգից հեռավորության համաշխարհային մասշտաբի ռեկորդ կսահմանի։

 

Նախկինում ամենամեծ հեռավորությունը կարողացել է անցնել Voyager-1-ը՝ 20 մլրդ կմ։ Ապարատն ուղևորվել էր՝ ուսումնասիրելու Սատուրնը և դրա արբանյակ Տիտանը։

Նման գաղափարները պարզապես հետաքրքրության համար չեն իրագործվում։ Մեծ հեռավորությամբ թռիչքների օգնությամբ կարող ենք շատ բան իմանալ մեծ համաստեղության մասին, նոր բացահայտումներ անել։ Բացի դրանից, հետաքրքիր է մեր մոլորակին այլ դիտանկյունից տեսնելը։

Interstellar-ը միջաստղային տարածության մեջ ուսումնասիրություններ կիրականացնի։ Այդ տարածքն այսօր չափազանց քիչ է հետազոտված, և ապարատը կհասնի այնտեղ, որտեղ մարդը երբեք աչք չի գցել։ Այն զինված կլինի նորագույն բազմաթիվ տեխնոլոգիաներով։

Մասնագետները կարծում են, որ մարդու կողմից դեպի Լուսին ճամփորդությունից և դրա վրա վայրէջքից հետո այս առաքելությունը հաջորդ համարձակ քայլը կլինի։ Ցավոք, իրադարձությանը երկար է հարկավոր սպասել։ Միայն 2030 թ. են նախատեսում զոնդն արձակել, իսկ որպեսզի այն հասնի նախատեսված հեռավորությանը կպահանջվի ևս 15 տարի։ Այսինքն՝ արդյունքին մարդիկ կհասնեն 20 տարի անց եթե, իհարկե, մինչ այդ չստեղծվի գերհզոր և արագ այլ ապարատ։