Ակունքում, որի արոտավայրը տալիս են թուրքին, Նիկոլի ոտքերի տակ գառ էին մորթում


11:26 , 15 մայիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզում, Շորժայի հատվածում ադրբեջանցիներն առաջ են գնացել մոտ երկու կիլոմետր։ Այստեղ գրեթե նույն վիճակն է, ինչ Սյունիքում։ Բանակցություններ են ընթանում հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ։ 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը չի ժխտել, որ խնդիր ունենք Շորժայում ու Կութ համայնքում։ «Վերին Շորժայի եւ Կութ համայնքի հատվածում նրանք՝ դիրքային աշխատանքների անվան տակ, նորից որոշակի առաջխաղացումներ ունեցան»,- նշել է մարզպետը՝ կրկնելով այն, ինչ երկու օր շարունակ հայտարարում են վարչապետի պաշտոնակատարն ու փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ ադրբեջանական ուժերն իրենց առաջխաղացումը հիմնավորել են կեղծ քարտեզներով։

Այսպիսով, ըստ այդ կեղծ քարտեզների, ազերիների վերահսկողության տակ են մնացել Գեղարքունիքի Ակունք, Կութ, Վարդենիս, Վերին Շորժա համայնքներին պատկանող, «Սար» կոչվող արոտավայրերը։ Ակունքի գյուղապետ Նիկոլա Խաչատրյանը երեկ ցանկացել է բարձրանալ արոտավայր՝ տեսնելու համար, թե որ հատվածում են թուրքերը։ Նրան կանգնեցրել են զինվորականները։ «Հրապարակի» հարցերին պատասխանելով՝ նա ասաց, որ ո՛չ գյուղացիներին, ո՛չ իրենց թույլ չեն տվել, որ բարձրանան արոտավայրեր։ «Զինվորական համազգեստներով էին։ Հիմա խնդրով զբաղվում են համապատասխան մարմինները։

Մեր համայնքից մի փոքր մաս առաջ են գնացել, ինչի շուրջ հիմա բանակցում են, որ հետ գնան»։ Ակունքն այն գյուղն է, որը Նիկոլի ոտքերի տակ գառ էր մորթում։ Հետաքրքիր է, հիմա գյուղացիները կուզե՞ն Նիկոլից գառի փողը։ 

Վարդենիսում խուճապ չկա, բայց այս երեք օրում մարդիկ արդեն հասկացել են, որ անասունը սարը հանելու, խոտի խնդիր են ունենալու։ «Բոլորի ուշքնումիտքը՝ էս տարի անասուններին չենք կարա տանենք։ Ոչ ոք չի ասում՝ հողեր ենք կորցնում»,- ասում է Փաշինյանի նախկին թիմակից Էդգար Պետրոսյանը, որն անցյալ տարի լքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը։ Նա Լուսակունք գյուղից է, ասում է, որ իր նախկին թիմակիցներին վաղուց է զգուշացրել, որ ազերիներն առաջ են գալու, որ գրավելու են մեր բարձունքները։ 

Փոքր Մասրիկ համայնքին սահմանակից՝ «Նորակերտի սար» կոչվող հատվածում տեղակայված են իրարից բավականին հեռու՝ 5-6 կմ վրա գտնվող հայկական դիրքեր։ «Եթե ազերիները հաստատվեն այս տարածքում, դիրքերը հայտնվելու են շրջափակման մեջ։ Նրանք հիմա հաստատվում են «Ալ լճեր» կոչվող տարածքում, որտեղ գտնվում էին ամենահարուստ արոտավայրերը։ Եթե թշնամու զորքին հաջողվի մնալ այնտեղ, ապա Գեղաքար, Լուսակունք, Խաչաղբյուր, Ախպրաձոր, Մաքենիս համայնքները մնում են իրենց հսկողության տակ, ափի մեջ։ Դրանք կպած են իրար։ Դավաբոյնի, Կարաչնգլներ բարձունքներին են ձգտում, իսկ ամենաբարձրը Բառլամիշն է, որը տվել են նոյեմբերի 9-ին։ Դեպի Վայոց Ձորի կողմը Թիք փիլաքան կոչվող վայրն է կամ 40 աղբյուրները։ Այստեղից են գալիս Վարդենիսի ջրերը։ Փիլաքանը եթե վերցնեն իրենց հսկողության տակ, համայնքները կզրկվեն ջրից, մենք չենք ունենա էդ ջուրը։ Այն գալիս է սովետական խողովակներով»։ 

Այսպիսով, թե՛ Սյունիքում, թե՛ Գեղարքունիքում ազերիները նույն տակտիկան են կիրառում՝ խցկվում են սահմանային այն հատվածները, որտեղ հայկական դիրքեր չկան, ամրապնդվում են բարձունքների վրա, ջրային պաշարների մոտ ու էլ չեն գնում։