«Նիկոլիզմը» ձախողելու է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բոլոր նախագծերը. Արթուր Վանեցյանի հարցազրույցը Eurasian Daily-ին


20:39 , 12 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Հայաստանում պաշտոնապես նշանակվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը`2021 թվականի հունիսի 20-ը: Eurasian Daily լրատվականի թղթակիցը առաջիկա խոշոր ընտրությունների ֆոնին հանրապետության առկա խնդիրների մասին զրուցել է «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, որն այժմ գլխավորում է «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակը, որը ստեղծվել է Հայաստանի հանրապետական կուսակցության հետ համատեղ:

Հարցին, թե մարդիկ ինչ են սպասում ընտրություններից, թվում է, թե «ավելի լավ կյանքի» մասին շահարկումները տեղի են տվել ավելի հրատապ խնդիրների, Վանեցյանը պատասխանել է.

«Մասամբ`այո: Միանշանակ և ակնհայտ է, որ մարդիկ հոգնել են ապաշնորհ իշխանության անվերջանալի ձախողումներից և պարտություններից, որոնցից ամենադաժանը և ողբերգականը վերջին պատերազմում կրած պարտությունն է, որն իր հետ բերել է սարսափելի հետևանքներ, հսկայական մարդկային զոհեր և տասնյակ հազարավոր ճակատագրեր է կոտրել:

Մարդիկ հոգնել են անդադար պոպուլիստական ստերից, մանիպուլյացիաներից և աղմուկից, ավերածություններից, անիմաստ առճակատումից և խառնաշփոթից ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում, անկանխատեսելիությունից, իսկ նրանցից շատերը հոգնել են անելանելիության սուբյեկտիվ զգացումից:

Ժողովուրդը ցանկանում է վերադարձ դեպի կայունություն և խաղաղություն, դեպի անվտանգություն և կանխատեսելիություն, դեպի կանխատեսելի զարգացման հեռանկարներ: Երկիրն ավերած Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ագրեսիվ պոպուլիստները զզվելի են դարձել, իսկ հասարակ մարդիկ կրկին երազում են ստեղծագործական աշխատանքի, կարող բանակի, երկրի միջազգային հեղինակության վերականգնման և ապրելու ու զարգանալու հնարավորության մասին: Մարդիկ ցանկանում են կրկին զգալ պետության ներկայությունը»:

Վանեցյանի այս խոսքից հետո լրագրողը նկատել է, որ կայունությունը, զարգացման հեռանկարներն ու այն ամենը, ինչի մասին նշեց քաղաքական գործիչը, կային նաև 2018 թվականի իրադարձություններից առաջ, ինչին Վանեցյանը պատասխանել է.

«Համաձայն եմ, որ այն ժամանակ, իհարկե, կայունություն և զարգացման հեռանկարներ կային, բայց զարգացման այդ փուլում մեր ժողովրդին դա այլևս չէր բավարարում: Եվ այդքան շատ մարդիկ փողոց էին դուրս եկել`պահանջելով և ակնկալելով ավելի մեծ արդարություն, ավելի մեծ հավասարություն և ավելի մեծ բարեկեցություն: Այնուամենայնիվ, 2018-ի իրադարձությունների և ապաշնորհների եռամյա կառավարման հետևանքով մենք կորցրել ենք հեռանկարները, և պետությունն այսօր կաթվածահար է, եթե չասենք քայքայված: Կորածը վերականգնելու համար կա միայն մեկ միջոց`ընդհանուր համախմբում և ջանքերի կենտրոնացում ավերածությունների, անպատասխանատվության և ստի դեմ պայքարում, այն ամենի դեմ, ինչը Հայաստանում «նիկոլիզմ» է կոչվում:

Այսօր մենք հայտարարում ենք քաղաքական միավորման գոյության մասին, որն իր շարքերում ընդգրկել է ինչպես զարգացման հեռանկարների և կայունության ոլորտի լավագույն մասնագետներին (սրանք «հանրապետականներ են»), այնպես էլ Հայաստանի նոր պատմության մեջ ամենաարդյունավետ անձնակազմին կոռուպցիայի դեմ պայքարում և արդարության հաստատման գործում (սա «Հայրենիքն» է, որը ներկայացնում է իմ թիմը):

Կազմակերպական, մարդկային և այլ ռեսուրսների համատեղմամբ՝ իմ ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն ու Հանրապետական կուսակցությունը, որոնք այժմ գործում են նոր դիրքերից և, ինչպես հայտնի է, տիրապետում են կոմպետենտ և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդկային ներուժի, մենք կհասնենք անհրաժեշտ արդյունքների՝ նվազագույն տրամաբանական ժամկետում և նվազագույնի հասցնելով հնարավոր զարգացումների ռիսկերը, որոնք բնութագրվում են որպես «նոր բարդության իրավիճակներ»:

Ես անձամբ եմ այդպես կարծում, որպես անձ, որը 2018  թվականի իրադարձություններից հետո ղեկավարել է ԱԱԾ-ն և որն ամենամեծ արդյունքն է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում: Իմ կուսակցության անդամներն էլ են այդպես են մտածում: Այս կարծիքին են նաև Հանրապետական կուսակցության այն անդամները, որոնք ժամանակին նշանակալի ներդրում են ունեցել մեր պետականության և անվտանգության ձևավորման գործում, որոնք գործնականում ապացուցել են, որ մեր բարդ տարածաշրջանում հնարավոր է ունենալ մրցունակ, անվտանգ և կայուն պետություն` հիմնված  փորձի, հմտությունների, գիտելիքների և ինտելեկտի վրա»:

Անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ-ի համագործակցությանը՝ լրագրողը նկատել է, որ անսպասելի և շատերի համար անհասկանալի էր որոշումը՝ ուժերը միավորել այն մարդկանց հետ, որոնք իշխանությունների կողմից պիտակավորված են որպես «նախկին», իսկ Վանեցյանը դեռ 2020 թվականի  հունվար-փետրվար ամիսներին ասել էր, որ Փաշինյանը պետք է հեռանա, բայց անցյալին վերադարձ չի լինի:

Լրագրողի նկատառմանը քաղաքական գործիչը պատասխանել է.

«Ես հիմա էլ կրկնում եմ, որ վերադարձը անցյալին բացառվում է: Ի դեպ, ես Փաշինյանին նույնպես ընդգրկում եմ «նախկինների» շարքում. նա նույնպես արդեն անվերադարձ անցյալում է: Հայ ժողովուրդը զգալի վնասներ է կրել փաշինյանական մոդայի`«սև-սպիտակ», « նախկին-նոր», «յուրային-օտար» բաժանման պատճառով: Ի դեպ, ամենապատասխանատու պաշտոններում Փաշինյանի թիմը լի է «նախկին» մարդկանցով, ու նույնիսկ այնպիսի ձևակերպումներով, որ «նախկին» գոյություն չունի (ժպտում է): Օբյեկտիվորեն ասած՝ Հայաստանը փոքր երկիր է, և դա թելադրում է որոշակի շրջանակ և դժվարություններ է ստեղծում մարդկային ռեսուրսների և մարդկային կապիտալի հարցերում:


Թյուրիմացությունից և մանիպուլյացիաներից խուսափելու համար պարզաբանեմ. «անցյալը», իհարկե, ոչ թե մարդիկ են, այլ բարքերն ու սոցիալական արատավոր ավանդույթները: Այս առումով, Փաշինյանը և նրա մի շարք թիմակիցներ գերազանցել են բոլորին: Եվ այսօր ժողովրդի շատ ներկայացուցիչներ հենց Փաշինյանի մեջ տեսնում են անցյալի հնացած բարքերի ու արատների խտացված մարմնավորում. կարճ ժամանակում իշխող կուսակցությունը դարձել է վարչապետի անսկզբունքային վարքի և անպատասխանատվության, մանիպուլյացիայի և բռնապետական զառանցանքի մարմնացում, ինչը լուրջ վնաս է հասցրել երկրի հեղինակությանը և գրավչությանը, և այն հատկապես ակնհայտորեն դրսևորվել է համավարակի բռնկման ու Արցախում ադրբեջանա-թուրքական 44-օրյա ագրեսիայի ընթացքում:

Եվ այսօր Հայաստանի արժանապատիվ ապագայի սպառնալիքն այնքան ակնհայտ և մեծ է, որ մենք պարզապես պարտավոր ենք մի կողմ դնել նախապատերազմական տարաձայնություններն ու պիտակները և պայքարել հանուն մեր երկրի ու ժողովրդի ապագայի: Ի դեպ, ՀՀԿ ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ես ծանոթացել եմ Արցախում ՝ 2020-ի սեպտեմբերին, պատերազմի օրը ... Եվ այդ ժամանակվանից մենք ընկերներ ենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ