Իրեն ամենաթափանցիկ համարող Կառավարության փողի ծախսը ցույց տվող հավելվածը չի աշխատում


15:14 , 9 մայիս, 2021

168.am-ը գրում է․

2018 թվականի ապրիլին իշխանության եկած ուժն իրեն հռչակեց նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ գոյություն ունեցածներից ամենաթափանցիկը։

Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային  տարբեր ելույթներում  իր ղեկավարած Կառավարությունը համարում էր Անկախ Հայաստանի  30-ամյա գոյության ընթացքում մեզ բաժին հասած ոչ միայն՝ ամենաազգային Կառավարությունը, այլ նաև՝ ամենաբացն ու հաշվետուն, մի խոսքով, աննախադեպը։

Հրապարակային ելույթներից ու հավաստիացումներից անդին՝ իրավիճակը ճիշտ հակառակն է: Այս երեք տարիների ընթացքում  Փաշինյանի ղեկավարած կառավարությունն աչքի է ընկել ոչ թափանցիկ, ոչ հրապարակային, նիստերի օրակարգն ամենաշատ չզեկուցվող հարցերով հարստացնող  ու նաև ոչ հաշվետու աշխատանքով։

Ասվածի ապացույցներից մեկը Կառավարության կայքի մեկ անձից գնումների էջի՝ ամիսներով չաշխատելու հանգամանքն է և դա՝ այն դեպքում, երբ մեկ անձից կատարվում են անհամեմատ շատ գնումներ, ու պետական կառավարման համակարգում մրցույթներ հայտարարելու աննախադեպ ցածր ցուցանիշ է արձանագրել հենց այս Կառավարությունը։

Թափանցիկ աշխատելու հետ բացարձակապես կապ չունեն նաև Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված զեկուցվող և չզեկուցվող հարցերի համամասնությունը. Օրինակ՝ մայիսի 6-ի  նիստի օրակարգում ընդգրկված էր 36 հարց, որից 32-ը՝ չզեկուցվող, իսկ օրինակ՝ ապրիլի 29-ի նիստի օրակարգի 53 հարցից միայն 2-ն էին զեկուցվող:

ՀՀ քաղաքացու վճարած ամեն մի դրամ հարկի ծախսն այդ քաղաքացուն ներկայացնելու խոստում տված Կառավարության կայքից անհնար է որևէ տեղեկատվություն գտնել, օրինակ, բյուջեի ծախսերի վերաբերյալ, որովհետև պարզվում է, որ ամիսներով չի աշխատում նաև Կառավարության ինտերակտիվ բյուջեն ներկայացնող հավելվածը։

Աննախադեպության մեկ այլ ցուցանիշ՝  մոտենում ենք  2021 թվականի կեսին, բայց Կառավարության կայքում տեղադրված չէ ոչ միայն 2021, այլ նաև 2020 թվականի բյուջեն։