Ingenuity ուղղաթիռն առաջին անգամ Մարսի վրա վայրէջք է կատարել նոր վայրում


00:23 , 9 մայիս, 2021

Ingenuity անօդաչու ուղղաթիռը, որը Մարս է ժամանել Perseverance մարսագնացի հետ, մոլորակի վրա իր հինգերորդ թռիչքի ժամանակ վայրէջք է կատարել նոր վայրում: Այս մասին հայտնում է NASA-ն:

Այս անգամ թռիչքը շարունակվել է 108 վայրկյան, ուղղաթիռը տեղափոխվել է 129 մետր դեպի հարավ և բարձրացել է 10 մետր՝ վայրէջքից առաջ բարձր որակի գունավոր լուսանկարներ անելով:

Նախորդ չորս թռիչքների ժամանակ ուղղաթիռը մշտապես վերադառնում էր թռիչքի վայր: «Մեր հետագա նպատակն է՝ Ingenuity-ն տեղափոխվի այնպես, որ չդանդաղեցնի Perseverance-ի գիտական ուսումնասիրությունները: Մի քանի շաբաթից, երբ մի քանի թռիչքներ ևս կարվեն, NASA-ն կգնահատի արդյունքները»,- նշել է ուղղաթիռի գլխավոր նախագծող Բոբ Բելարամը:

Ուղղաթիռի ստեղծումն արժեցել է 80 մլն ԱՄՆ դոլար: Դրա առաջին թռիչքն իրականացվել է ապրիլի 19-ին: Այն թռել էր 3 մետր, թռիչքի տևողությունը կազմել էր ընդամենը 39.1 վայրկյան:

Perseverance մարսագնացի առաքելության նպատակն է պարզել, թե արդյոք Մարսի վրա կան հնագույն կյանքի հետքեր: