Փոքրամասնությունն է ինձ մեղադրում, ոչ ոք չի կարող պնդել, որ մենք գիտեինք, որ հաստատ պարտվելու ենք. Արծրուն Հովհաննիսյան


13:49 , 8 մայիս, 2021
Hraparak.am-ը գրում է.
Երեկ համացանցում տարածվեց ԱՄՆ-ում գտնվող ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի լուսանկարը, որում նա զինվորական շորերով է եւ հրացանով զինված: Մենք կապվեցինք ՊՆ նախկին ներկայացուցչի հետ: Նա ասաց, որ զենքն ամերիկյան է, կոչվում է AR-15:  Ես 50 հազար չեմ դրել գրքիս գինը՝ 30 հազար եմ դրել

- Զենք կրելու իրավունք ունե՞ք։ 

- Դա կրելու հարց չէ, այնպես չէ, որ ամեն օր վրաս է այս զենքը: Գնացել եմ կրակելու, ուղղակի: Հաճախակի եմ գնում կրակելու: 

- Գիրքդ վաճառվո՞ւմ է: Մարդիկ ասում են՝ ի՞նչ պետք է գրած լինես, որ գրքի գինը 100 դոլար լինի: Ի՞նչ եք գրել գրքում 44-օրյա պատերազմի մասին: 

- Գրքի մասով ծիծաղելի է, ի՞նչ ասեմ: Այդ գիրքը, նախ, տեղի ունեցած պատերազմի մասին չէ, այլ տեղի ունենալիք պատերազմի մասին էր: Ուզում եմ ասել՝ գիրքը գրվել է պատերազմից առաջ: Այդ գրքի վրա աշխատել եմ 10 տարի: Մասնագիտական գիրք է: Այդպես ասողը թող մի հատ պրոֆեսիոնալ, մասնագիտական գիրք գրի կամ գնա խանութ, ցանկացած ոլորտից մասնագիտական 1000 էջանոց գիրք գնի ու տեսնի, թե ինչ արժե: Ինչ մնում է 50 հազարին՝ ես 50 հազար չեմ դրել գինը, 30 հազար եմ դրել: 

- Շատերը Ձեզ մեղադրում են պատերազմի ընթացքում «Հաղթելու ենք» հեշ-թեգի տակ ելույթներ ունենալու համար, երբ իրականում մենք պարտվում էինք: Դուք գիտեի՞ք, թե իրականում ինչ էր կատարվում: 

- Նախ, «շատերը» չէ, փոքրամասնությունն է ու, առաջին հերթին՝ մանիպուլյացիա առաջացնող փոքրամասնությունը եւ իրենց հետեւող որոշակի մոլորված մարդիկ, մարդիկ, որոնք, դժբախտաբար, շատ լավ գիտեն, թե ինչ է պատերազմի ժամանակ տեղեկատվական պատասխանատվությունը, մարդիկ, որոնք շատ լավ գիտեն, թե ինչպես են վարում տեղեկատվությունը պատերազմներում: Չկա պատերազմ, որի ընթացքում այլ բան են ասում՝ մեկ, երկրորդը՝ ոչ ոք չի կարող պնդել, որ մենք գիտեինք, որ հաստատ պարտվելու ենք: Այդպիսի բան չկա ու չի կարող լինել, բայց դրա ժամանակը կգա, կխոսենք: Պատկերացնո՞ւմ եք, եթե որեւէ պանիկա առաջացնող բան ասեինք այն ժամանակ ու հետո պարտվեինք, ինչերում էին մեղադրելու: