Ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը` ռազմագերիներին ազատ արձակելու համար. Коммерсантъ


16:09 , 7 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցին:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ գերիների վերադարձը, որոնց Ադրբեջանը հրաժարվում է հանձնել անցյալ տարվա պատերազմը պարտված Հայաստանին, արդեն ոչ թե երկկողմ, այլ միջազգային խնդիր է: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը փորձում են ազդել Բաքվի վրա, սակայն առանց որևէ  հաջողության: Խնդիրը ոչ միայն բարդացնում է Մոսկվայի շնորհիվ ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունների իրականացումը, այլ նաև խանգարում է ՌԴ-ի`Ադրբեջանին հետխորհրդային տարածքում Մոսկվայի կողմից վերահսկվող ինտեգրացիոն ասոցիացիաներին մերձեցնելու ծրագրերին:

Հայաստանի համար սկզբունքային հարցը` Ադրբեջանից ռազմագերիների վերադարձը, դեռևս չի հաջողվում փակել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը սա անվանել է «կարևորագույն խնդիր» և կոչ է արել «ապահովել, որ Ադրբեջանը կատարի բոլոր ռազմագերիների և բռնի պահվող անձանց վերադարձը»: «Այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին վկայում են նաև միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ տվյալները»,-ասել է Այվազյանը:

Մայիսի 4-ին, ՌԴ նախարարի այցից առաջ, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովն Ադրբեջանից 3 գերի է վերադարձրել: Մյուս պահվողների մասով շարժ չկա:

Մինչդեռ Բաքվի և Երևանի մոտ այս հարցում նույնիսկ թվերը չեն համընկնում:

Հայաստանի արտգործնախարարությունից «Կոմերսանտ»-ի զրուցակիցն ասել է, որ, Երևանի գնահատականներով, գերության մեջ է մնում շուրջ 200 մարդ: Միևնույն ժամանակ, Բաքվի կողմից հաստատված է համարվում 72 մարդ, իսկ 48-ին, ըստ նրա, Ադրբեջանը հրաժարվում է հաստատել:

Մարդկանց մնացած մասի համար դեռ 100%-անոց տեղեկատվություն չկա:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմում «Կոմերսանտ»-ի աղբյուրը նշում է, որ այժմ Ադրբեջանում մնում է 59 մարդ: Նրա խոսքերով ՝ սրանք բանտարկյալներ չեն, այլ մարդիկ, որոնք բերման են ենթարկվել ռազմական գործողությունների ավարտից հետո:

«Կնքվել է զինադադար և Հայաստանի կապիտուլյացիայի ակտ: Դրանից հետո այդ մարդիկ մտել են Ադրբեջան: Նրանք դիվերսանտներ և ահաբեկիչներ են. մենք նրանց հետ այդպես ենք վերաբերում և դատելու ենք նրանց: Ապագայում տեսականորեն հնարավոր է փոխանակում»,-ասել է աղբյուրը:

Բաքվի կողմից պահվող անձինք արդեն սակարկությունների առարկա են դարձել, ասում են ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմի դիվանագետները «Կոմերսանտ»-ի հետ զրույցներում: Նրանց խոսքով, Ադրբեջանը փորձում է ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ: Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային խնդիրներին: Այսպիսով,  իրազեկ աղբյուրը «Կոմերսանտ»-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը. ճանապարհն այժմ վերահսկում են ռուս խաղաղապահները և հայ զինվորականները: Ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը մեծապես կհեշտացնի Շուշիին Ադրբեջանի հասանելիությունը: Ինչպես նշում են «Կոմերսանտ»-ի աղբյուրները, ռազմագերիներին ազատ արձակելու համար Բաքուն բարձրացրել է նաև մի շարք գյուղերի` իր տրամադրության տակ անցնելու հարցը:

Հայաստանը հույս ունի, որ Մոսկվան կօգնի լուծել ռազմագերիների խնդիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: