Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով


12:18 , 5 մայիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Նախօրեին Ազգային Ժողովի նիստի ժամանակ չինական պատվաստանյութի մասին խոսելիս, որը մեզ նվիրել է Չինաստանի կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ ղեկավարությունը՝ Արարատ Միրզոյան, Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, այդ փաստը վերածել էին հումորի եւ նրանց լայնաժպիտ լուսանկարները տարածվել էին համացանցով։

Հասարակությունը շատ վատ էր ընդունել այդ հումորի ժամը՝ մի կողմից մեր զոհերի սուգը դեռ մարդկանց թույլ չի տալիս լիաթոք ուրախանալ, մյուս կողմից՝ չինական պատվաստանյութի եւ չինական կառավարության բարի ժեստի հանդեպ այդ արհամարհանքը, ծաղրը ուղղակի խայտառակություն էր։ Իրենց պահվածքի հետեւանքները գնահատելու անընդունակ իշխանությունը հավանաբար հետո հասկացել է, թե ինչ հիմարություն է արել եւ որոշել է շտկել այն։ Այսօր Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով եւ իր էջում այդ մասին գրառում արել։

«Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ 
Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է 
բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100,000 դեղաչափ՝ 50,000 անձի համար): 
«ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո:
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը։
18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից; 
Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար; 
Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00; 
Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար»,-գրել է Նազարյանը։