Մեր տղաներին Ադրբեջանը պահել է որպես առևտրի առարկա և չի վերադարձնում՝պատճառաբանելով, թե տեռորիստներ են. գերու հարազատ


13:22 , 30 ապրիլ, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Մեր նպատակն է, որպեսզի մեր հարազատներն ազատվեն գերությունից: Շուրջ 5 ամիս է՝ նրանց չենք տեսել, լարված վիճակում ենք, ոչ տեղեկություն չունենք նրանց մասին: Մեզ պետք են մեր տղաները, որոնք զինադադարից հետո գտնվում են գերության մեջ: Այս մասին Խծաբերդում գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց գերեվարված Հովսեփ Մանուկյանի հարազատը:

Նրա խոսքով՝ հայկական կողմի կառույցները գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանք կատարում են, սակայն դա բավարար չէ.

«Մեր տղաներին, չգիտեմ ինչ նախապայմանների արդյունքում, պահել են որպես առևտրի առարկա իրենց ձեռքին և չեն վերադարձնում՝պատճառաբանելով, թե տեռորիստներ են»,-ասաց հարազատը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պահվածքը հույս չի ներշնչում, որ մեր տղաներին կարող ենք տեսնել, սա է մեր պահանջը.
«Մենք ևս մեկ անգամ ուզում ենք աշխարհի առաջադեմ մարդկությունը ավելի խիստ միջոցներ ձեռնարկի Ադրբեջան կոչված երկրի նկատմամբ, սանկցիաներ կիրառեն, որպեսզի մեր երեխաներին թողնեն: Հստակ կոնվենցիա կա, որ պատերազմի դադարից հետո պատերազմող երկրները պարտավոր են վերադարձնել գերեվարվածներին: Պատերազմից արդեն հինգ ամիս է անցել, մեր երեխաները դեռ գտնվում են դաժանության մեջ»,-ասաց գերու հարազատը:

Նա նաև հայտնեց, որ հանդիպել են տարբեր կառույցների, պաշտոնյաների հետ, սակայն հանդիպման արդյունքները բավարար չեն: