Եվրախորհդարանն ընդունած բանաձևով կոչ է անում «Ուկրաինա ներխուժման» դեպքում կասեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը


20:38 , 29 ապրիլ, 2021

Armenpress.am-ը գրում է․

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ռուսաստանի Դաշնության հարցով` կոչ անելով պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2» նախագծի, «Ռոսատոմի», «ռուս օլիգարխների», ինչպես նաև ՌԴ-ին միջազգային SWIFT վճարային համակարգից բացառելու համար «Ուկրաինա ներխուժելու» դեպքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին ասվում է բանաձևի տեքստում, որի հաստատման օգտին քվեարկել են Եվրախորհրդարանի պատգամավորները:

Եվրախորհրդարանը պահանջում է, որ Եվրամիությունը կրճատի իր կախվածությունը Ռուսաստանից էներգետիկայի ոլորտում և ԵՄ ինստիտուտներին ու անդամ երկրներին կոչ է անում կասեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագծի կառուցումը:  

«Եթե ռազմական ուժերի տեղակայումն Ուկրաինայի հետ սահմանին վերածվի ՌԴ-ի` Ուկրաինա ներխուժման, այս պայմաններում նավթի և գազի ներկրումը Ռուսաստանից պետք է անհապաղ դադարեցվի, Ռուսաստանը պետք է բացառվի SWIFT վճարային համակարգից, ռուս օլիգարխների բոլոր ակտիվները պետք է սառեցվեն, իսկ նրանց վիզաները ԵՄ` չեղարկվեն»,- ասված է բանաձևում:

Եվրախորհրդարանի այս բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում և պարտադիր չէ ԵՄ ինստիտուտների կողմից կիրառման համար: