Տիեզերական կապույտ լավա. ի՞նչ տեսք ունի մոլորակի ամենագեղեցիկ հրաբուխը


22:45 , 29 ապրիլ, 2021

Ինդոնեզիան և հրաբուխներն անբաժանելի են։ Պետությունը կազմող կղզիները գտնվում են սեյսմիկ ակտիվ գոտում, այդ իսկ պատճառով գործող հրաբուխներն այստեղ շատ են։

Դրանցից առանձնանում է հատկապես Իջենը։ Այս հրաբուխը շրջապատված է ծծմբի ծխացող երկօքսիդի պայծառ կապույտ ամպերով։ Այն կարծես շողարձակում է գիշերը, քանի որ այրվում է ոչ թե լավան, այլ ստորոտի բազմաթիվ ճեղքերից դուրս եկող գազը։ Վերջինս, խառնվելով ջրի գոլորշու հետ, սոլֆաթաններ է կազմավորում, որոնք, դուրս գալով հրաբխից, այրվում են՝ փոխազդելով թթվածնի հետ։ Հենց այդ պատճառով էլ կրակը յուրահատուկ երանգ է ստանում։ Սոլֆաթաններն օդից ավելի ծանր են, այդ իսկ պատճառով երբ ժայթքումն ուժգին է լինում, դրանք, խառնվելով լավային, վառ կապույտ գույնով ներքև են հոսում։

Շրջակայքում գտնվում է նաև թթվային լիճ, որի առավելագույն խորությունը 200 մ է։ Թվում է՝ այն ստանդարտ լեռնային լճակ է, սակայն իրականում լի է թթվով։ Ջրի ջերմաստիճանը հասնում է 60 աստիճան Ցելսիուսի և չի եռում, հակառակ դեպքում դրա մոտով անցնել հնարավոր չէր լինի։

Այս շրջանում աշխատելը չափազանց վտանգավոր և բարդ է։ Աշխատավորները հատուկ հագուստներ են կրում, սակայն, այնուամենայնիվ, յուրաքանչյուր պահի նրանց կարող է այրել դուրս եկող եռացող սուլֆատը։

Զբոսաշրջիկները կարող են այցելել հրաբխի և լճի տարածք՝ հետևելով անվտանգության մի շարք կանոնների։ Շատերին չեն կանգնեցնում դիմակները, տաք օդը, 2-ժամանոց և 3 կմ-անոց բարդ ճանապարհը. նրանք շատ են ցանկանում տեսնել կապույտ լավան։