Իլոն Մասկի դինոզավրերը. բիզնեսմենը հիմա էլ ցանկանում է վերացած կենդանատեսակը վերականգնել


21:00 , 27 ապրիլ, 2021

Իլոն Մասկի Neuralink ընկերությունն այժմ ուշադրությունն է սևեռել դինոզավրերի վրա և հայտարարել, որ լիովին հնարավոր է Յուրայի ժամանակաշրջանի իրական այգի ստեղծել, որտեղ հսկայական կենդանի մողեսներ կշրջեն: Գիտնականներն առաջարկում են դինոզավրերին վերակագնել նրանց հետնորդների օգնությամբ, որոնք այսօր ապրում են մոլորակի վրա, այսինքն՝ հասարակ հավերի: Մասկի գործընկերները վստահ են, որ դա հնարավոր է իրագործել նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ:

Գենետիկական խմբագրումը շատ բանի է ունակ. հենց այսպես է կարծում Մաքս Հոդաքը՝ Neuralink-ի հիմնադիրներից մեկը: Շատ հավանական է, որ ապագայում հնարավոր լինի դինոզավրերի տարբեր տեսակներ վերստեղծել: Իհարկե, դա մի օրում չի արվի: Հարկավոր կլինի շուրջ 20 տարի՝ սելեկցիայի և գենային ինժեներիայի գործարկման համար:

Ըստ Հոդաքի՝ մոլորակի վրա նվազում է կենսաբանական բազմազանությունը և մոտ ապագայում այն ցավալի աստիճանի կհասնի: Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է այնպիսի նախագծեր իրականացնել, ինչպիսին կլինի Յուրայի դարաշրջանի այգին: Սակայն քննադատները հիշեցնում են, որ գաղափարը չափազանցնել պետք չէ, որպեսզի հետագայում ստեղծվելիք բազմազանությունը մեծ խնդիրների չհանգեցնի:

Neuralink-ն առաջարկում է ոչ թե վերստեղծել արդեն իսկ վերացած հսկայական մողեսներին, այլ ստեղծել նոր տեսակներ, այդ իսկ պատճառով տեղեկություններն այն մասին, որ դինոզավրերի ԴՆԹ-ն վերականգնել հնարավոր չէ, նրանց չի անհանգստացնում: Կարևոր է ուշադրություն դարձնել Կարմիր գրքում գրանցված, ինչպես նաև արդեն իսկ վերացած կենդանատեսակներին: Չնայած այն բանին, որ գաղափարն, առաջին հայացքից, վատը չէ, հասարակությունը դրան բացասական արձագանք է տվել:

Ըստ մարդկանց՝ արդեն իսկ մի քանի ֆիլմ կա նկարահանված այն մասին, թե ինչի կարող է վերաճել նման փորձնական պրակտիկան: Սակայն, միաժամանակ, գիտնականները վստահեցնում են, որ գոյություն ունեն լաբորատորիաներ, որտեղ ակտիվորեն նման աշխատանքներ են իրականացվում: Օրինակ՝ ամերիկացի գենետիկ Ջորջ Չերչը մամոնտի վերածննդի նախագիծ է սկսել: Մամոնտները վերացել են 10,000 տարի առաջ: