ԱՊԿ-ն ՔԶԱԿ-ին կոչ է արել չանտեսել տարածաշրջանային հակամարտության ընթացքում սպիտակ ֆոսֆորի նմանվող զենքի կիրառման փաստը. ՀՀ ԱԳՆ


19:38 , 21 ապրիլ, 2021

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը մեկնաբանել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) 25-րդ համաժողովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հայտարարությունը՝ նշելով, որ Հայաստանի ակտիվ ներգրավվածությամբ համաձայնեցված փաստաթղթում զարմանք է արտահայտվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում սպիտակ-ֆոսֆորի նմանվող նյութի կիրառման փաստը ՔԶԱԿ-ի կողմից անտեսելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Հաագայում ընթացող Քիմիական զենքի արգելման կազմակերպության /ՔԶԱԿ/ 25-րդ համաժողովին ՀԱՊԿ անդամ պետությունները հանդես են եկել հայտարարությամբ, որն ի շարս այլ հայցերի անդրադարձել է նաև վտանգավոր քիմիական նյութերի կիրառմանը, ինչին մենք առերեսվեցինք 44-օրյա՝ այդ թվում սպիտակ ֆոսֆորին նմանվող նյութի օգտագործմամբ, թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում:

Ավելին, հայաստանյան կողմի ակտիվ ներգրավվածությամբ համաձայնեցված հայտարարությունում, մասնավորապես, նշված է, որ «զարմանք է առաջացնում ՔԶԱԿ քարտուղարության կողմից անտեսումը այն փաստի, որ վերջերս տարածաշրջանային հակամարտության ընթացքում կիրառվել է քիմիական նյութ, որի հասցրած վնասը մարդկանց և շրջակա միջավայրին համարժեք է քիմիական զենքի կիրառման վնասին»»,- նշել է ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ:

Ըստ աղբյուրի՝ այդ համատեքստում նաև շեշտվել է ՔԶԱԿ-ի քարտուղարության պարտավորությունը՝ արձագանքելու մասնակից պետությունների դիմումներին և, կոնվենցիոն նորմերի համաձայն, ձեռնարկելու անհետաձգելի քայլեր։

Գեորգի Քոչարյանը նաև ընդգծել է, որ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից արգելված սպառազինությունների կիրառման և կատարված ռազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանը 2020թ. հոկտեմբերից ՔԶԱԿ ղեկավար օղակներում շարունակաբար բարձրացրել է սպիտակ ֆոսֆորին նմանվող քիմիական նյութի  պարունակությամբ զենքի կիրառման փաստը քննելու նպատակով ՔԶԱԿ փաստահավաք առաքելություն Արցախ գործուղելու անհրաժեշտության հարցը՝ ներկայացնելով համապատասխան տեղեկատվական նյութեր, ներառյալ արտասահմանյան փորձագետների կողմից նախապատրաստված զեկույցը: