Փաշինյանի անվտանգության աշխատակիցը հարցազրույցի պահին վերցրեց Մեղրիի փոխքաղաքապետի հեռախոսը


11:38 , 21 ապրիլ, 2021

News.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը NEWS.am -ի հետ հարցազրույցի պահին վերցրել է Մեղրիի փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանի հեռախոսը։

Այդ պահին իրավիճակը կրկին լարվեց, լսվում էին գոռգոռոցներ։ Այնուհետեւ կապն ընդհատվեց, եւ Սամվելյանն այլ հեռախոսով զանգահարեց NEWS.am-ի լրագրողին եւ հաստատեց, որ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը վերցրել է իր հեռախոսը։

Մեզ հայտնի դարձավ, որ որոշ ժամանակ անց անվտանգության աշխատակիցը վերադարձրել է փոխքաղաքապետի հեռախոսը։

Նշենք, որ այսօր Փաշինյանն այցելել էր Ագարակ քաղաք, որտեղ քաղաքացիները նրան դիմավորել են հայհոյանքներով եւ վիրավորանքներով։ Սյունեցիները պահանջում էին, որ նա հեռանա մարզից։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Ագարակից։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 20-ին, NEWS.am-ը հայտնել էր, որ Փաշինյանի խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Նշենք, որ երեկ՝ երեկոյան արդեն NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը գիշերով այցելել է Շուռնուխ համայնք։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։

Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։