Ցանկացած նյութի այրման արդյունքում գոյանում են ծուխ, խեժ ու, ինչպես պարզվում է, հարյուրավոր վնասակար նյութեր, որոնցից որոշներն անգամ քաղցկեղածին են


17:13 , 20 ապրիլ, 2021
Հնագույն մարդկանց կողմից կրակ ստանալու հմտության ձեռքբերումը կարևոր քայլ էր մարդու սոցիալական էվոլյուցիայի մեջ: Բայց նույն ինքը՝ կրակը, որ հնագույն մարդու համար զարգացման նոր ուղիներ էր բացել, ժամանակակից մարդու առողջության համար էական վտանգ է ներկայացնում։ Ցանկացած նյութի այրման արդյունքում գոյանում են ծուխ, խեժ ու, ինչպես պարզվում է, հարյուրավոր վնասակար նյութեր, որոնցից որոշներն անգամ քաղցկեղածին են։ Այս նյութում վերլուծել ենք մի քանի առօրյա դարձած երևույթ ու սովորություն, որոնք, ինչպես պարզվում է, խիստ վնասակար են մարդու օրգանիզմի համար։

Խորովածի կրակ

Ամառը մոտենում է։ Շուտով կսկսվի ամառանոցների սեզոնն ու բաց երկնքի տակ հայերի կողմից այդքան սիրված խորոված պատրաստելու ժամանակը։ Քչերն են սակայն գիտակցում, թե ինչ վնաս կարող է պատճառել խորովածի կրակը մեր առողջությանը։ Օքսֆորդի համալսարանի գիտնականները համադրել են բաց կրակի վրա սնունդի պատրաստման վնասը սիգարետ ծխելու վնասի հետ։ Ըստ հետազոտության,  խորովածի կրակի ծուխը ներքաշելիս թոքերի հիվանդություն ձեռք բերելու ռիսկը մեծանում է 60%-ով․ ծուխը կարող է պնևմոնիայի ու ասթմայի առաջացման պատճառ դառնալ։ Ավելին․ մարդիկ, ովքեր հաճախակի են գտնվում բաց կրակի կողքին, հետևաբար, պարբերաբար հաղորդակցվում քաղցկեղածինների ու շմոլ գազի հետ, քաղցկեղ ձեռք բերելու ուղղակի ռիսկի տակ են։ Հետազոտությունը կատարվել է համարյա 300 000 չինացիների տվյալների բազայի հիման վրա, որոնց 14%-ը վերջին 10 տարիների ընթացքում մահացել են քաղցկեղից, ասթմայից ու տուբերկուլյոզից։ Հետազոտության բոլոր մասնակիցները սնունդ են պատրաստել բաց կրակի վրա, իսկ տները ջեռուցել են ածուխի վառարաններով։

Որպես այլընտրանք, կարելի է սնունդ պատրաստել ոչ քե բաց կրակի, այլ առանց ծուխ աշխատող սարքերի օգտագործմամբ։ Դրանցից են էլեկտրական գրիլ սարքերը (լավագույն սարքերից է Weber Q-2400 սարքը)։ Դրանք կոմպակտ են, հեշտությամբ տեղավորվում են փոքր տարածքում՝ ներառյալ խոհանոցն ու պատշգամբը, և երբեմն ունեն այնպիսի հնարավորություններ, որոնք խորովածի կրակը կամ բացօթյա գրիլը չեն կարող ունենալ:

Սիգարետի ծուխ

Վերջերս շատ է խոսվում ծխելու վնասների մասին։ Բայց եթե հարցնենք՝ կոնկրետ ինչի՞ հետևանքով են մարդիկ հիվանդանում, ճիշտ պատասխանը հազվադեպ կլսենք։ Շատերը սխալմամբ կարծում են, որ ծխելու հետ կապված հիվանդությունները առաջանում են նիկոտինից։ Իրականում դա մոլորություն է․ պատճառը ոչ թե նիկոտինն է, այլ սիգարետի ծուխը ու ծխում առկա քաղցկեղածին նյութերը։ Այրման արդյունքում գոյացած ծխի մեջ կան 6000-ից ավելի միացություններ, որոնցից մոտ 100-ը ոչ միայն ծխողի, այլև շրջապատի մարդկանց համար խիստ վնասակար են, օրինակ՝ խեժը, ածխածնի մոնօքսիդը (շմոլ գազ), բենզինը և այլն։ Ներթափանցելով մարդու օրգանիզմ, այդ նյութերը դառնում են քրոնիկ բրոնխիտի, թոքի քաղցկեղի, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ։ Սիգարետի ծուխը վնասակար է նաև շրջապատի չծխողների համար․ ըստ վիճակագրության, ծխելու հետևանքով գրանցված ամեն 8 մահից 1-ը արձանագրվում է չծխողի մոտ։

Որպես այլընտրանք, ամենախելամիտը ծխելուց ընդհանրապես հրաժարվելն է։ Այս տարբերակը լավագույնն է թե՛ թոքերի, թե՛ գրպանի համար։ Կան, սակայն, ծխողներ, որ չեն ցանկանում կամ չեն կարողանում հրաժարվել սիգարետից։ Հենց նրանց համար են ստեղծվել առանց այրման, հետևաբար նաև առանց ծխի աշխատող նոր սերնդի սարքերը՝ օրինակ, ծխախոտը տաքացնող համակարգերը (Հայաստանում հայտնի IQOS սարքը հենց այդպիսի համակարգ է)։ Քանի որ նիկոտինը մարդու թոքեր է հասնում գոլորշու միջոցով, և ոչ թե ծխի, օրգանիզմ չեն ներթափանցում խեժը, շմոլ գազն ու շատ այլ միացություններ։ Արդեն իսկ ապացուցված է, որ այս սարքերի արտազատած գոլորշու մեջ վնասակար նյութերը շատ ավելի քիչ են, քան սիգարետի ծխում։ Չծխողների համար էլ լավ լուրն այն է, որ իրենց համար սարքերն անվտանգ են․ դրանք չեն աղտոտում շրջակա միջավայրի օդն ու չեն վնասում չծխողների առողջությանը։

Այրվող տերևներ

Բնապահպանները աշնանային տերևների ծուխը կենսաբանական զենք են անվանում։ Պատկերացրեք միայն․ խարույկի ծխում վնասակար նյութերի մակարդակը 200-300 անգամ գերազանցում է թույլատրելի շեմը։ Այրվող տերևների կողքին անցկացրած մեկ ժամն իր առողջական վնասներով համարժեք է քաղաքային ավտոմայրուղու վրա անցկացրած 5 ժամին։ Մասնագետները պնդում են․ տերևներն այրելուց հետո ծուխը երկար ժամանակ չի ցրվում։ Հատկապես ավտոմայրուղիների կողքին աճող ծառերի տերևները ներծծում են շրջապատի ծուխն ու փոշին, և դրանք այրելը վտանգավոր է ալերգիաներով, ասթմայով ու շնչառական այլ հիվանդություններով տառապող մարդկանց համար։ Մեկ տոննա թափված տերևներն այրելիս օդ են արտանետվում 5-10 կգ փոշեհատիկներ, որոնք պարունակում են մարդու օրգանիզմում քաղցկեղ առաջացնող բենզոպիրեն, ինչպես նաև ազոտի օքսիդ, ծանր մետաղներ ու այլ տոքսիկ նյութեր:

Որպես այլընտրանք տերևները այրելու փոխարեն կարելի է դրանցից պարարտանյութ ստանալ։ Չոր տերևներին խոտածածկ ու այլ բուսական նյութեր, ինչպես նաև գոմաղբ ու առևտրային պարարտանյութեր խառնելով, կարելի է բարձրացնել հողի բերրիությունն ու լրացնել հողում առկա սննդանյութերի պակասող քանակությունը։


Պարաֆինե մոմեր

Սիրելիի համար ռոմանտիկ ընթրիքի սեղանը կամ երեխայի ծննդյան տորթը զարդարելիս մենք հաճախ օգտագործում ենք գեղեցիկ ու գունավոր մոմեր, որոնք հիմնականում պարաֆինից են պատրաստված: Պարաֆինե մոմերը նավթի վերամշակման արդյունքում ստացված արտադրանք են։ Պարզվում է, որ այրվելիս, այդ մոմերի կրակն արտազատում է մեր ու մեր հարազատների համար վտանգավոր նյութեր, մասնավորապես՝ խեժ, բենզոլ ու տոլուոլ։ Փորձեք տնային պայմաններում ծննդյան տորթի մոմը վառել ու կրակին ապակի մոտեցնել։ Դուք կտեսնեք, որ ապակու վրա միանգամից սև հետք է գոյանում։ Դա հենց այրման պրոդուկտներն են։ Ու հենց այդ վնասակար նյութերն ենք մենք ներշնչում, երբ մեր կողքին մոմ է վառվում։ Հայտնվելով մարդու օրգանիզմում, մոմի կրակից առաջացած տոքսիկ նյութերը կարող են առաջացնել քաղցկեղ, խաթարել կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը, դառնալ ասթմայի առաջացման պատճառ։ Բացի այդ, բենզոլն ու տոլուոլը բացասաբար են ազդում մաշկի, արյունատար ու մարսողական համակարգերի վրա, կարող են ալերգիկ ռեակցիայի պատճառ դառնալ։

Որպես այլընտրանք, պարաֆինային մոմերի փոխարեն կարելի է օգտագործել գլիցերինից պատրաստված մոմեր։ Գլիցերինից ստանում են ծամոն, օճառ, հացաբուլկեղեն, չրեր ու դեղորայք։ Այս նյութը կարելի է գտնել բոլոր ճարպերի մեջ։ Մեր իսկ բջիջներն արտադրում են այսպես կոչված «ներքին» գլիցերին, որը մասնակցում է օրգանիզմում ջրի շրջանառության գործընթացին։  Հետևաբար, գլիցերինից պատրաստված մոմը մարդու օրգանիզմի ու շրջակա միջավայրի համար շատ ավելի լավ այլընտրանք է, քան նավթային հիմքով պարաֆինային մոմը։