Ձեր որդիներին դիահերձարաններում փնտրեք. Փաշինյանը՝ գերիների և անհետ կորածների հարազատներին. AntiFake.am


23:23 , 12 ապրիլ, 2021

Antifake.am-ը գրում է․

Այսօր՝ ապրիլի 12-ին, գերիների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջել հենց վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ։

Ավելի ուշ Փաշինյանն ընդունել է գերիների ու անհետ կորածների հարազատներին և այնպիսի հայտարարություններ է արել, որոնք վրդովվեցրել են ամիսներով իրենց զավակների մասին որևէ լուր ստանալու հույսով սպասող ծնողներին։

AntiFake.am-ին մանրամասներ են հայտնի դարձել հանդիպումից։ Հանդիպմանը ներկա անհետ կորածներից մեկի հարազատի փոխանցմամբ՝ Փաշինյանն իրենց ասել է, որ իրենք իրենց հարազատներին պետք է դիահերձարաններում փնտրեն։

Անհետ կորած զինծառայող Համլետի մայրը՝ տիկին Ծովինարը, մեզ հետ զրույցում ասաց, որ որդու հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո որևէ տեղեկություն չունեն։ «Ասում են` զոհվել է, բայց մարմինը չկա»,- նշեց տիկին Ծովինարը։

Նա փոխանցեց, որ նոր է դուրս եկել Փաշինյանի հետ հանդիպումից, իսկ մյուս հարազատները հրաժարվում են դուրս գալ՝ որևէ լուծում պահանջելով։ «Իրավիճակը ներսում լարված է»,- նշեց տիկին Ծովինարը։ Նրա փոխանցմամբ՝ Կառավարության շենքում են նաև Առողջապահության նախարարը և Քննչական կոմիտեի ղեկավարը։

AntiFake.am-ին հայտնի դարձավ նաև, որ անհետ կորածների և գերիների հարազատները որոշել են այսօր մնալ Կառավարության շենքում այնքան ժամանակ, մինչև իրենց հստակ լուծումներ կառաջարկեն անհետ կորածների և գերիների հարցը հանգուցալուծելու համար։