Քուշիմ և Մայա. ի՞նչ են նշանակում պատմության հնագույն անունները


21:00 , 12 ապրիլ, 2021

Աշխարհում միլիոնավոր անուններ գոյություն ունեն։ Մարդիկ դրանք հորինում են, շատերն էլ հասել են մեզ մեր նախնիներից և փոխանցվում են սերնդեսերունդ։ Իսկ ո՞րն է եղել առաջին ու հնագույն անունը։

Համաձայն ժամանակակից տեխնոլոգիաների՝ հնարավոր է եղել հնագույն սեպագիր արձանագրություն վերծանել, որը հայտնաբերվել էր Իրաքի տարածքում։ Պարզվել է, որ մոլորակի հնագույն անունը Քուշիմն է և այն 6,000 տարեկան է։

Անունը գրված է եղել արձանագրության վրա։ Մարդը, ում անունը պատկանել է, ապրել է Բաբելոնում մ.թ.ա. 4 հազարամյակ առաջ։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ վերջինս եղել է հասարակ մարդ՝ ո՛չ կառավարիչ կամ հերոս։ Տղամարդը հաշվապահ է եղել, իսկ արձանագրությունը հաշվապահական գիրք է իրենից ներկայացրել։

Սա արդեն առաջին անգամը չէ, որ գիտնականները տվյալներ են հայտնաբերում հասարակ աշխատողների, այլ ոչ հայտնի անհատների վերաբերյալ։ Քուշիմը շումեր է եղել՝ մարդկության պատմության առաջին քաղաքակրթության ներկայացուցիչներից մեկը։ Պատմաբանները շումերներին համարում են ժամանակակից քաղաքակրթության նախնիները, քանի որ հենց նրանք են հայտագործել շատ բաներ, որոնք ունենք այսօր՝ ժամանակի հաշվարկման եղանակը, անիվն ու առաջին գիրը։ Նրանք են հիմնել առաջին դպրոցներն ու օրացույցները, օրենսդրությունը։ Այսինքն՝ կարելի է պնդել, որ հաշվապահի մասնագիտությունը հնագույններից մեկն է։

Ինչ վերաբերում է կանանց անուններին, ապա գոյություն ունեն պատմական վկայություններ այն մասին, որ հնագույն անունը եղել է Մայան։ Հետաքրքիր է, որ այն այսօր ևս հանդիպում է աշխարհի տարբեր ազգերի մոտ։ Անունը ծագումով հունական է և նշանակում է «կրծքով կերակրող»։ Հին հույներն ունեցել են Մայա անունով աստվածուհի։ Համաձայն հրեական վարկածի՝ անունն առաջացել է «մաիմ» բառից, որը թարգմանաբար նշանակում է «ջուր»։ Գերմանիայում, Չեխիայում և Լեհաստանում նախկինում կրճատ Մայա էին անվանում այն կանանց ու աղջկներին, որոնց անուններն էին Մարիա և Մարիաննա։ Իսկ սլավոններն ունեցել են Զլատա Մայա անունով աստվածուհի, որը հովանավորում էր գարունը։