Բելգիայի ԱԳՆ-ն բացառիկ որոշում է կայացրել՝ տրամադրելով դրամաշնորհ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» ՀԿ-ի ներկայացրած ծրագրին


00:49 , 10 ապրիլ, 2021

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը: Այս մասին տեղեկացնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը:

«Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում:

Դրամաշնորհը հատկացվելու է Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց վիրահատությունների իրականացման նպատակով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» կողմից անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը՝ միտված հայ զինվորի կյանքի որակի բարելավմանն ու հասարակությանը վերաինտեգրմանը»,- ասված է Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: