Ավելի քան 100 երկիր հակակորոնավիրուսային պատվաստանյութ է ստացել ԱՀԿ-ի COVAX ծրագրով


23:45 , 8 ապրիլ, 2021
Ավելի քան 100 երկիր և տարածք արդեն հակակորանվիրուսային պատվաստանյութ է ստացել COVAX միջազգային ծրագրով, ընդհանուր առմամբ, մատակարարվել է ավելի քան 38 մլն չափաբաժին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Պատվաստանյութերի համաշխարհային դաշինքի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այդ արդյունքը գրանցվել է միջազգային մատակարարումների մեկնարկից հետո վերջին 42 օրվա ընթացքում: Դեղամիջոցն ստացած առաջին երկիրը փետրվարի 24-ին եղել է Գանան:

Խոսքը անգլո-շվեդական AstraZeneca, ամերիկա-գերմանական Pfizer/BioNTech ընկերությունների և Հնդկաստանի շիճուկի ինստիտուտի ստեղծած պատվաստանյութերի մասին է:

«COVAX-ն աշխարհին տրամադրել է պատվաստանյութերի արագ ապահովման լավագույն եղանակը»,- նշել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև տարեվերջ 2 մլրդ չափաբաժին պատվաստանյութ տեղաբաշխել աշխարհով մեկ: