Որոնք են դրամի արժեզրկման պատճառները, և ինչպես կանխել հետագա անկումը. Ճզմաչյանի դիտարկումը


23:33 , 8 ապրիլ, 2021

Armeniasputnik.am-ը գրում է․

Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դրամի նկատմամբ արտարժույթի արժեքի աճին և ԿԲ–ի կողմից իրականացվող զսպիչ գործառություններին։

Սամվել Ճզմաչյանի դիտարկմամբ` դրամի արժեզրկման արհեստական պատճառները շատ մեծ չեն, թեև դրանք նույնպես առկա են։ Ըստ նրա` հիմնական պատճառն այն է, որ կտրուկ պակասել են արտասահմանից արտարժույթի մուտքերը հայկական շուկա, որն իր հերթին արտահանման ծավալների կրճատման հետևանք է։

«Դա ունի օբյեկտիվ պատճառներ, որոնց մեջ կարելի է առանձնացնել նախ համավարակը, այնուհետև պատերազմը, իսկ սուբյեկտիվ պատճառների մեջ, ինձ հասած տեղեկություններով, առանձնանում է այն, որ շատ դժվար պայմաններ են ստեղծվել  հիմնական արտահանողների համար։ Օրինակ` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այդ առումով շատ վատ է աշխատում և կան բազմաթիվ բողոքներ, Սոթքը նույնպես ամբողջ ծավալով չի աշխատում, որովհետև հանքավայրից մեզ պրակտիկորեն մնացել է փոքր տոկոսը։ Նման վիճակում են հայտնվել նաև այլ ձեռնարկություններ»,– նշեց Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահը։

Ճզմաչյանի կարծիքով` վերոհիշյալ խնդիրների պատճառով դոլարային ներմուծում չկա, հետևաբար դրամի քանակն ավելանում է ու արտարժույթի նկատմամբ գրանցում կտրուկ արժեզրկում։ Ըստ նրա` Կենտրոնական բանկն իրոք ունի գործիքակազմ, որը կարող է ազդեցություն գործել, սակայն այդ ազդեցությունը կլինի ժամանակավոր, որովհետև եթե արտահանման գործընթացները չկարգավորենք, ապա համապատասխան գործիքակազմով տարվող աշխատանքները կլինեն ապարդյուն։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ