Տոննայից ավելի կշռող գերժամանակակից հեռուստացույց. գիտնականների նորամուծությունը


21:00 , 6 ապրիլ, 2021

Տեխնոլոգիաները տեղում չեն դոփում, և յուրաքանչյուր արտադրող փորձում է ստեղծել որևէ նոր, յուրօրինակ երևույթ, որը նախկինում գոյություն չի ունեցել: Ավստրիական մի ընկերություն թողարկել է ծալովի հեռուստացույցի մոդել, որը վերածվում է «ակորդեոնի»: 

SEED ընկերության պրակտիկայում սա առաջին ակորդեոն-հեռուստացույցը չէր: Կազմակերպությունը 2012 թ. Նույն տեսքով հեռուստացույց էր ստեղծել փողոցի համար, որի անկյունագիծը կազմում էր 201 դյույմ: Բացի ծալվելուց՝ այս երկու  հեռուստացույցները կարողանում են նաև «անհետանալ»: Մոդելների համար ստեղծվել են հատուկ ստորգետնյա պահեստարաներ: Վերջերս թողարկված տնային տարբերակի անկյունագիծը 165 դյույմ է:

Հեռուստացույցն իրենից ներկայացնում է մեկի փոխարեն մի քանի LED վահանակներ, որոնք միացված են իրար: Մասնագետներն իրենց մշակած հեռուստացույցը համարում են իրական գլուխգործոցև հեռուստացույցային տեխնոլոգիաների ոլորտում արվեստի գործ:  Եթե հեռուստացույցը խանգարում է կամ հարկավոր չէ տվյալ պահին, այն հեշտությամբ հնարավոր է թաքցնել: Սակայն մեկ կոճակի սեղմելուց հետո սկսվում է տեխնիկայի հրաշքը. հեռուստացույցն անաղմուկ «հայտնվում է գետնի տակից»: Սկզբում այն ունի պարզ սյան տեսք՝ պատրաստված թեթև ալյումինից: Աստիճանաբար սյունը վերածվում է լիարժեք 4K էկրանի: 

Տեխնիկայի հիմքում ավտոմատիզացված և բարձր որակի մեխանիզմ է: Շնորհիվ դրա՝ հեռուստացույցը հնարավոր է շրջել յուրաքանչյուր կողմ: Ընդհանուր առմամբ էկրանն ունի 5 վահանակ, որոնք հրաալիորեն հավասարվում են և վերածվում մեկ ամբողջականի՝ ապահովելով տեսանյութերի բարձր որակը: 

Հեռուստացույցը ոճային է և գեղեցիկ, գերժամանակակից, սակայն շատ ծանր՝ 1350 կգ: Ստեղծողները վստահ են, որ որոշ ժամմանակ անց նման հեռուստացույցները փոխարինելու կգան ներկայիս տեսքով հեռուստացույցներին: Սակայն հեռուստացույցն այսօր գնել կարող են ոչ բոլորը, քանի որ այն արժի 400,000 դոլար՝ առանց ստորգետնյա համակարգի: