Երբ կիջնի ձվի գինը Հայաստանում՝ Զատիկից առաջ, թե հետո, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղան Գևորգյանը չի կարող ասել: Նա այդ մասին ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ: Մենք չենք կարող որևէ կերպ ինտերվենցիա անել: Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին ու ասել՝ գինն իջեցրեք կամ բարձրացրեք»,- ասաց նա:
Այդուհանդերձ, Գևորգյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն կատարված ուսումնասիրության ընթացքում շփումներ է ունեցել և առևտրային ցանցերի և ձու արտադրողների հետ, որոնց արդյունքում ձվի գինը որոշ չափով նվազել է:
Մարտի 29-ին Գևորգյանն ասել էր, որ թռչնաֆաբրիկաները խոստացել են Զատիկի համար բավարար քանակությամբ ձվեր արտադրել։ Նրա խոսքով` մինչև Զատիկ գնանկում կլինի։