Ընդդիմության հանրահավաքից առաջ Մինսկի կենտրոն ռազմական տեխնիկա է տեղափոխվել
14:03 , 27 մարտ, 2021
Բելառուսի անվտանգության ուժերի տեխնիկան Մինսկի արևելյան ծայրամասերից, որտեղ տեղակայված են ՕՄՕՆ-ի և Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերի բազաները, շարժվել է դեպի քաղաքի կենտրոն` ընդդիմության կողմից հայտարարված և իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիայից առաջ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ճանապարհային ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ քաղաք շարժվող ավտոշարասյուների կազմում են անձնակազմը տեղափոխող ավտոբուսներ և բեռնատարներ, զրահամեքենաներ, զրահափոխադրիչներ, ջրցան մեքենաներ:
2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Սվետլանա Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում: