Մեծ հաճույքով դուրս կգամ քաղաքականությունից․ տհաճ է այս միջավայրը․ Գևորգ Պետրոսյան


13:05 , 24 մարտ, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Հնարավոր է՝ ընդհանրապես չմասնակցեմ ընտրություններին և դուրս գամ քաղաքականությունից։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորի խոսքով ո՛չ ընդդիմությունն է նորմալ քայլ անում, ո՛չ էլ իշխանությունն է կարողանում երկիրը ղեկավարի․

«Մենք էլ անընդհատ խոսում, քննադատում ենք ու դառնում վատամարդ։ Մի մասը քեզ համարում է դավաճան, որ խոչընդոտում ես իշխանության բնականոն գործունեությանը։ Ինձ համար տհաճ է այս միջավայրը։ Ես հաճույքով չեմ գալիս ԱԺ աշխատանքի, բայց քանի որ անցած ուղի ունեմ, ափսոսում եմ այսքան արածներս։ Այստեղ քաղաքականություն չկա, կան անձնական, կորպորատիվ շահեր»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Վերջինս նկատեց՝ նախագիծ են ներկայացնում, բայց ԱԺ նիստերի դահլիճում նստած շատերին չի հետաքրքրում տվյալ նախագծի առավելությունները, նրանց դեմ քվեարկելու ցուցում է տրված, ինչն էլ Գևորգ Պետրոսյանի կարծիքով, աշխատանքային մթնոլորտ չի ստեղծում։