Armeniasputnik.am-ը գրում է.
Գնդերեց Մանուկ Զեյնալյանը արցախյան վերջին պատերազմի մասնակից է։ Մարտական գործողությունների ավարտից հետո նա զոհվածների թաղման ծեսերն է անցկացնում։ Նա գիտի, թե ինչպիսին է երկրային դժոխքը։
Վաղ առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գրեթե այցելուներ չկան։ Քար լռության մեջ զգացվում է խնկի հոտը և լսվում բազմաթիվ դրոշների` ծանր շնչառության նմանվող սվվոցը։ Այս եռագույններով ծածկել են զոհված տղաների դագաղները` հողին հանձնելուց առաջ։ Բայց ծնողներից մեկը որոշել է տեղադրել այն որդու շիրիմին, ու դա ավանդույթ է դարձել։ Բոլոր շիրմաքարերից ժպտում են զինվորական համազգեստով ծանոթ ու անծանոթ տղաներ։ Նրանց տապանաքարերին թարմ ծաղիկներ են, փափուկ խաղալիքներ ու անգամ` փուչիկներ։
- Դուք հիշո՞ւմ եք, թե ով որտեղ է թաղված։
-Իհարկե։ Նկատո՞ւմ եք, թե ինչպես են ծնողները բարևում տղերքին` «բարև, հարևան» ասելով։
-Այստեղ մի՞շտ այսքան լուռ է։
- Ոչ։ Երբեմն ամենաքիչը քսան մայր տարբեր գերեզմաններից ամեն մեկը մի ձևի լացում է։ Ուժ է պետք , որ դիմանաս։
- Դժոխք։
- Այո։ Փոխվեցին, աշխարհի գույները, փոխվեցին։ Այսպիսի անգույն գարուն չի եղել մեզ համար։ Բայց պետք չէ հուսահատվել։ Ես վստահ եմ , որ եթե Աստված տվել է այս դարդ ու ցավը, ուրեմն մենք կարող ենք տանել այն.. ու կտանենք։Տեր Մանուկը այս պատերազմում և նրանից հետո շատ դաժանություններ է տեսել։ Արդեն մի քանի ամիս է` զոհվածների հուղարկավորության ծեսերն է իրականացնում, ոմանց անձամբ ճանաչել է։ Նա հատ–հատ մոտենում է շիրիմներին ու յուրաքանչյուրի մասին պատմում։ Գիտի, թե ով որտեղ է կռվել, ում հետ է ընկերություն արել և երբ զոհվել։ Յուրահատուկ ակնածանքով մոտենում է Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի շիրիմին։ Նրանք մարտական ընկերներ էին ու բազում թեժ կետերում են միասին եղել։ Իսկ հիմա գրեթե ամեն օր նրա շիրիմի մոտ են հավաքվում մարտական ընկերները ու հիշում տարբեր պատմություններ։