«Առավոտ». Ինչպե՞ս վարվել, եթե պետության ղեկավարն ադեկվատ չէ, բայց քաղաքացիների մեծ մասը գոհ է նրա կառավարումից և չի ուզում, որ նա փոխվի՝ անկախ նրանից, թե դա ինչ կարժենա մեր պետության համար


11:03 , 12 մարտ, 2021

«Պատկերացրեք այսպիսի վիճակ: Պաշտպանության նախարարություն է գալիս գերագույն հրամանատարը, որը բացարձակապես ոչինչ չի հասկանում ռազմական գործից և իր գործողություններում առաջնորդվում է ոչ թե պետության անվտանգության շահերով, ոչ էլ անգամ պարզ տրամաբանությամբ, այլ միմիայն՝ սեփական ամբիցիաներով ու ֆանտազիաներով և PR ակցիաներ անցկացնելու ձգտումով: Նա խորհրդակցություն է անցկացնում հրամկազմի հետ, որի ընթացքում հրամայում է. «Վաղը բոլորդ վերցնում եք ջրային ատրճանակները, գնում եք Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերը և այնտեղ կրակում եք հակառակորդի ուղղությամբ»: Ի՞նչ պետք է անեն գեներալները. ա/ դուրս անեն սենյակից նման հրամանատարին, բ/ հայտարարեն, որ այդ հրամանը չեն կատարելու, գ/ լուրջ դեմքով գլուխները տմբտմբացնեն, «չեստ տան» և կատարեն հրամանը՝ բնականաբար, վարչապետի տեսախցիկների առաջ:

Առաջին երկու դեպքում նրանք կխախտեն օրենքը և գուցե մեղադրվեն ռազմական հեղաշրջման մեջ: Երրորդ դեպքում նրանք կվարկաբեկվեն հանրության աչքում և կվտանգեն մեր անվտանգությունը: (Ի դեպ, շատ հնարավոր է, որ պատերազմի ժամանակ նրանք ստիպված նման անհեթեթ հրամաններ են կատարել, իսկ հիմա, ըստ իշխանության վարկածի, ամեն ինչում բանակն է մեղավոր): Այս պայմաններում գեներալների համար միակ արժանապատիվ և օրինական ելքն է հրաժարական տալը, իսկ հետո հասարակությանը դիմելը՝ «սիրելի հայրենակիցներ, գերագույն հրամանատարը ադեկվատ չէ, նրա հրամաններն անհեթեթ են, նրա՝ պաշտոնում մնալը սպառնալիք է ազգային անվտանգության համար»:

Մոտավորապես, ժամանակին այդպես է վարվել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Ցանկացած բանական մարդու համար «սատանաներին բռնելու» տիպի հրամանները վիրավորական են, և այդպես են մտածում նաև նույն կառույցի մի շարք այլ, բնականաբար, նախկին դարձած ղեկավարներ: ԱԱԾ ներկայիս պետը, հակառակը՝ «ֆեյքեր բռնելու» հրահանգը վիրավորական չի համարում և հաճույքով այն կատարում է: Դառնանք բանակի հրամկազմին: Այդ մարդիկ, առանց հրաժարական տալու, իրենց անվստահությունը հայտնեցին վարչապետին, ինչը նույնպես կարելի է դիտել որպես յուրահատուկ ուղերձ՝ ուղղված հասարակությանը:

Իշխանությունը նրանց մեղադրեց քաղաքականությանը խառնվելու, ընդդիմությունը՝ անվճռականության մեջ: Արդյունքում գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալը հրաժարական տվեցին, մնացածը դիմացան ստորացմանը: Բայց առավել կարևոր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս վարվել, եթե պետության ղեկավարն ադեկվատ չէ, բայց քաղաքացիների մեծ մասը գոհ է նրա կառավարումից, համակրում է նրան և չի ցանկանում, որ նա փոխվի, անկախ նրանից, թե դա ինչ կարժենա մեր պետության համար: Արժե դա, համենայնդեպս, ստուգել՝ ընտրություններ անցկացնելու միջոցով: Եթե այդ առաջնորդն իսկապես վայելում է քաղաքացիների մեծամասնության աջակցությունը, ապա մեղքը հենց այդ քաղաքացիներինն է: Գեներալներն այդ հարցում ոչնչով չեն կարող օգնել»,-գրում է թերթը: