Դատախազությունն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի օգնականի հետ կապված աղմկահարույց դեպքը


14:11 , 11 մարտ, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Դատախազությունը ստացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպանի հաղորդումը։

Դատախազությունն ուսումնասիրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանին առնչվող դեպքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։

Երեկ մեծ աղմուկ բարձրացրեց մի տեսանյութ, որտեղ երևում է, որ Աննա Վարդապետյանը միջամտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը։ Տեսանյութում կարելի է տեսնել, որ գործով քննիչ Արթուր Այվազյանն էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ է ստանում Վարդապետյանից, մասնավորապես Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ այս դեպքի առնչությամբ հաղորդում է ուղարկելու դատախազություն։

Դատախազությունից մեզ հայտնեցին, որ ստացել են Մակինյանի հաղորդումը։

Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):

Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Հայրապետյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել։ Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։