Արա Այվազյանն ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը համակարծիք են՝ Արցախում միջազգային կառույցների ներկայության հարցում


14:52 , 3 մարտ, 2021

Մարտի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել  ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով  տեղակալ և արտակարգ իրավիճակներում աջակցության  համակարգող Մարկ Լոուքոքի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Գլխավոր քարտուղարի տեղակալ Լոուքոքին  համընդգրկուն ներկայացրեց արցախահայության առջև ծառացած հումանիտար հարցերը և սոցիալ-տնտեսական խնդիրները: Նախարար Այվազյանի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր արցախահայեր ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը, և ներկայումս առաջնահերթություն է վերջիններիս իրավունքների վերականգնման, արժանապատիվ ու անվտանգ վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Զրույցի ընթացքում կարևորվեց արցախահայությանը հումանիտար օգնության տրամադրումը: Այդ առնչությամբ զրուցակիցները համակարծիք էին, որ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն Արցախում միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմիների ներկայությունն ապահովելու համար՝ անընդունելի համարելով հումանիտար այդ գործառույթի իրականացման քաղաքականացումը և այդ նպատակով արհեստական խոչընդոտների ստեղծումը:

Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին նաև Արցախի բնակչությանը հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունների շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։