100 տոննա ավազն անհետացավ մեկ գիշերում. ինչու՞ և ինչպե՞ս են հափշտակում ամբողջական լողափեր


21:00 , 2 մարտ, 2021

Թվում է՝ ավազը մեծ արժեք չններկայացնող և առանձնապես անպետք նյութ է, սակայն դա իրականում այդպես չէ: Զանգվածային շինարարության ժամանակահատվածներում այս նյութը, որը ցեմենտի պարտադիր բաղադրատարր է, ավելի ու ավելի թանկ է արժենում: Սաուդյան Արաբիան, օրինակ, ավազ է գնում այլ պետություններից. խոսքը գնում է այն երկրի մասին, որի տարածքի մեծ մասն անապատներով է ծածկված:

Ավազի պահանջարկն աստիճանաբար մեծանում է, մինչդեռ դրա պաշարները, ընդհակառակը, նվազում են: Ավելին, ավազի անսահման օգտագործումը վնասում է էկոհամակարգին: Բնական միջավայրը խախտվում է, էրոզիա է առաջանում, անհետանում են կորալյան ռիֆերը:

Ավազի գինը դեռևս աստղաբաշխական թվերի չի հասել: Սակայն դա չի խանգարում մարդկանց այն ձեռք բերել հնարավոր բոլոր վայրերից, հաճախ՝ բացահայտ հանցագործություններ կատարելու միջոցով:

2008 թ. ամառային մի հասարակ գիշեր Ջամայկայում հանցագործություն կատարվեց, որը հասարակությանը շոկի մատնեց: Իրադարձության մասին գրում էին աշխարհի բոլոր ԶԼՄ-ները: Մի գիշերվա ընթացքում «հափշտակվեց» ամբողջական լողափ՝ 100 տոննա ավազ: Նման չափերի ավազ տեղափոխելու համար հարկավոր է 500 բեռնատար և մի քանի օր:

Սակայն, զարմանալիորեն, ամեն ինչ տեղի ունեցավ մեկ գիշերվա ընթացքում: Նախաքննություն սկսվեց, որին անձամբ հետևում էր երկրի նախագահը: Անհավանական է թվում, սակայն ոչ մի հետք այդպես էլ չհայտնաբերվեց. կարծես ավազն ինքնուրույն էր անհետացել: Սակայն յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ նման բան հնարավոր չէ, և որ ավազը հափշտակել են: Սակայն թե ով էր դա արել և ինչ եղանակով՝ անհայտ է մինչ օրս:

Նախաքննությունը տևեց 3 ամիս, սակայն ապարդյուն: Համաձայն պաշտոնական վարկածի՝ ավազն առերևույթ գողացվել է հյուրանոցային ցանցի սեփականատիրոջ կողմից, սակայն որևէ ապացույց ձեռք չի բերվել այդ կապակցությամբ:

Նմանատիպ դեպք գրանցվել է նաև Հունգարիայում: Այս պետությունը դեպի ծով ելք չունի, այդ իսկ պատճառով ստեղծվում են արհեստական լողափեր: Այդպիսի մի լողափ էլ ստեղծվել էր Մինդշենտի գետի մերձակայքում: «Թարմ ստեղծված» լողափի տարածքում մի վաղ առավոտյան ամեն ինչ անհետացավ՝ տնակները, սպորտային շինություններն ու առևտրային կետերը: Գողերը հափշտակել էին հնարավոր ամեն ինչ, այդ թվում՝ ավազը: Դժվար է պատկերացնելը, թե դա ինչպես են արել, քանի որ կրկին որևէ հետք չի հայտնաբերվել: