Նոր, 21-րդ դարի անասնագոմ կարող են կառուցել, որոնք այդքան էլ արոտավայր չեն պահանջում. «Իմ քայլի» պատգամավորը՝ արոտավայրերը կորցրած սյունեցիների խնդիրների մասին


14:09 , 2 մարտ, 2021

News.am-ը գրում է.

Ես փաստ չունեմ Օնիկ Գասպարյանի որոշման հետևում Սերժ Սարգսյանի կանգնելու մասին: Ես տեղյակ չեմ, թե վարչապետն ունի փաստեր, թե ոչ: Եթե ասում է՝ ուրեմն ունի, ես որտեղից ունենամ այդ փաստերը: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց news.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:

Խոսելով Սյունիքում տիրող իրավիճակի մասին՝ Ղահրամանյանը իրավիճակը շատ լարված գնահատեց, բայց նշեց, որ կայունացման միտումներ կան: Հարցին, թե շատերն իրենց օրվա հացն են կորցրել, անասուններն են վաճառում, պատգամավորը պատասխանեց, որ ամեն ինչից տեղյակ են և զբաղվում են այդ հարցերով: «Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այդ ուղղությամբ, արդյունքում կլինի զեկույց, և դուք՝ բոլորդ կծանոթանաք աշխատանքներին»:

Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր չէ՞ր միջոցներ ձեռնարկել մինչև տարածքների հանձնումը, քանի որ շատերը կորցրել են արոտավայրերը, Ղահրամանյանը նշեց, որ գիտակցում է՝ պատասխանատուներից մեկը նա է և ասում է՝ ամեն ինչ արվում է կրած վնասները փոխհատուցելու համար: «Օրինակ՝ նոր, 21-րդ դարի անասնագոմ կարող են կառուցել, որոնք այդքան էլ արոտավայր չեն պահանջում»:

Նա նշեց, որ իշխանությունն, իհարկե, ամեն ինչ ճիշտ չի արել Սյունիքի հարցում, եղել են թերացումներ, բացթողումներ։