Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության. ՀՀ նախագահն ուղերձ է հղել 2008 թ․ մարտի 1-ի դեպքերի առթիվ


10:25 , 1 մարտ, 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին, որում, մասնավորապես, ասված է․

«2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար:

Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության, հակասությունները չպետք է վերածվեն անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտի, առավել ևս՝ առճակատման և պառակտման:

Ես կրկին բոլորին կոչ եմ անում հանդուրժողականության եւ համերաշխության:

Մենք միասնությա՛ն և համերաշխությա՛ն կարիքն ունենք:

Հատկապես այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են մեր պետության ու ժողովրդի համար»:

Նշենք, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին: