Արման Դիլանյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելեձեին


18:56 , 24 փետրվար, 2021

2021 թվականի փետրվարի 24-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելեձեին: Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղարը:

Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Վրաստանի սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությանը և պատրաստակամություն է հայտնել զարգացնել սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտներում աշխատանքային կապերը վրաց գործընկերների հետ:

Դեսպան Սագանելեձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում նաև երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման ու խորացման համար: