Իլոն Մասկը Պուտինին զրույցի է հրավիրել Clubhouse-ում. ի՞նչ է պատասխանել Կրեմլը


22:45 , 20 փետրվար, 2021

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն իր թվիթերյան էջում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է զրույցի նոր սոցիալական հարթակում՝ Clubhouse-ում: Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն առաջարկը հետաքրքրական է համարել, սակայն հիշեցրել է, որ Պուտինը սոցիալական կայքերից չի օգտվում:

«Կցանկանայի՞ք ինձ հետ զրուցել Clubhouse-ում», - գրել է Մասկը՝ նշելով Կրեմլի պաշտոնական թվիթերյան էջը: Ապա սեփական թվիթի ռեթվիթներում ավելացրել է. «Մեծ պատիվ կլիներ ինձ համար Ձեզ հետ խոսելը»:

Երեք ժամում Մասկը հավաքել է գրեթե 90 հազար հավանում:

Կրեմլից պատասխան է ստացվել երկուշաբթի. «Մենք նախ ցանկանում ենք պարզաբանել. Դուք գիտեք, որ նախագահ Պուտինը չի օգտվում սոցիալական ցանցերից: Անձամբ ոչ մի կայք նա չի վարում: Ընդհանուր առմամբ, անխոս, առաջարկը հետաքրքրական է», - ասել է Պեսկովը լրագրողներին:

«Սակայն նաև պետք է հասկանանք՝ ի՞նչ նկատի ունեն, ի՞նչ է առաջարկվում: Այդ իսկ պատճառով նախևառաջ կստուգենք հավաստիությունը, ապա կարձագանքենք», - խոստացել է Կրեմլի ներկայացուցիչը:

Clubhouse սոցիալական ցանցն ստեղծվել է 2020 թ. գարնանը Alpha Exploatation Co. ընկերության կողմից և արագորեն հայտնի է դարձել համաճարակային սահմանափակումների պայմաններում: Հաղորդակցությունը սոցցանցում տեղի է ունենում աուդիոհաղորդագրությունների միջոցով: Հայտնվել այնտեղ հնարավոր է միայն մասնակիցներից մեկի հրավերով: Օգտատերերը շփվում են վիրտուալ թեմատիկ սենյակներում, որոնք իրենց են ստեղծում:

Սոցիալական ցանցն առավել մեծ հայտնիություն ձեռք բերեց, երբ դրանից սկսեցին օգտվել հայտնի անձինք, ինչպիսիք են Մարկ Ցուկերբերգը, Էշթոն Քաթչերն ու Իլոն Մասկը: Ի դեպ, վերջինս երբեմն ռուսերենով թվիթեր և ռեթվիթեր է անում: