Ռեկորդային անքնություն. ի՞նչ պատահեց տղային, որը չէր քնել 264 ժամ


21:00 , 12 փետրվար, 2021

1963 թ. ԱՄՆ-ում երկու 17-ամյա դեռահասների մասնակցությամբ փորձ է իրականացվել։ Այդ ժամանակ չքնելու ռեկորդակիր էր համարվում Գոնոլուլուից մի դիջեյ, ով չէր քնել 260 ժամ։ Դեռահասները ցանկանում էին անցնել վերջինիս ռեկորդը։ Բրյուս Մաքալիստերը կարծում էր, որ հնարավոր է շատ երկար ժամանակ չքնել և նոր ռեկորդ սահմանել, և նրա ընկերը՝ Ռենդի Գարդները, սիրով համաձայնեց միանալ փորձին։

Ի սկզբանե դեռահասները սպասում էին, որ անքնությունն իրենց գերբնական ուժեր կհաղորդի, սակայն երբ հասկացան, որ նման բան տեղի չի ունենում, որոշեցին ստուգել՝ ինչպես է դա ֆիզիկապես ազդում օրգանիզմի վրա։ Որոշվեց, որ չի քնելու Ռենդին, սակայն չէր քնում նաև Բրյուսը, քանի որ հետևում էր ընկերոջը և նրա վարքագծի վերաբերյալ նշումներ կատարում։ Երեք օր անց տղաները հասկացան, որ պետք է նաև մի երրորդ անձ, ով իրենց երկուսին կվերահսկի։ Դա անել խնդրեցին Ջո Մարչիանոյին։ Ավելի ուշ նրանց փորձով սկսեց հետաքրքրվել քնի հետ կապված խնդիրների մասնագետ Ուիլյամ Դեմենտը։

 

Երիտասարդների վարքագծում փոփոխությունները բավականին հետաքրքրական էին։ Օրինակ՝ նրանցից մեկի մոտ զզվանք էր առաջացել հոտերի նկատմամբ, սակայն սկսել էր ավելի լավ բասկետբոլ խաղալ։ Քնի մասին մոռանալու համար Ռենդին երկար ժամանակ անց էր կացնում բասկետբոլի դաշտում։

Շուտով տղաների մասին սկսեցին գրել թերթերում։ Նրանց մասին նորություններն ավելի շատ էին ընթերցվում, քան The Beatles-ի համերգների և Ջոն Քենեդու սպանության մասին լուրերը։ Եթե սկզբում տղաներին հումորով էին վերաբերում, ապա հետագայում հասարակությունն իսկապես սկսեց հետաքրքրվել նրանցով։

Երբ Ռենդին չէր քնել 264 ժամ՝ 11 օր, ռեկորդը սահմանվեց և փորձնիր ավարտին հասավ։ Սակայն տղային կրկին թույլ չտվեցին քնել, այլ տարան ռազմածովային հոսպիտալ՝ ուսումնասիրելու համար նրա ուղեղը։ Այնուհետև դեռահասը վերջապես քնեց 14 ժամ, արթնացավ և գնաց դպրոց՝ կարծես ոչինչ չէր եղել։

Ուղեղի հետազոտության արդյունքներն ուղարկվեցին գիտական կենտրոն, որտեղ մասնագետները եզրակացություններ կատարեցին։ Արթուն լինելու ընթացքում տղայի ուղեղը պարբերաբար քնել և արթնացել է։ Մինչ ուղեղի որոշ հատվածներ քնում էին, մյուսներն արթուն էին։ Շնորհիվ հենց դրա Ռենդիի առողջությանը վնաս չի հասցվել։

Դեռահասներից հետո նոր ռեկորդ սահմանել փորձել են շատերը, սակայն ոչ ոքի չի հաջողվել անցնել 264 ժամը։ Նման փորձերը վտանգավոր են առողջության համար և կրկնել չի կարելի։