Ընդունիր իմ նվերը, դրա մեջ հոգուս մասնիկն է․ ինչպե՞ս երջանկացնել սիրած էակին Փետրվարի 14-ին


20:10 , 10 փետրվար, 2021

Ընդունիր իմ նվերը, դրա մեջ հոգուս մասնիկն է․ ինչպե՞ս երջանկացնել սիրած էակին Փետրվարի 14-ին։

Աշխարհն այսքան հետաքրքիր ու գունագեղ չէր լինի, եթե չլինեին սովորույթներն ու ավանդույթները։ Դրանք նույնքան հին են, որքան, երևի, Երկիր մոլորակը, ու այդ պատճառով է, որ ոչ ոք ստույգ չի հիշում, թե ե՞րբ և ինչպե՞ս, որտե՞ղ և ի՞նչ առիթով առաջին անգամ մի մարդը մյուսին նվեր պարգևեց, ընդհանապես՝ ինչպե՞ս ծնվեց միմյանց նվերներ տալու սովորույթը։ Նվեր տալն աշխարհի ամենագեղեցիկ երևույթներից մեկն է, որը ստիպեց մարդուն բարիանալ, պարգևել ժպիտ և ուրախություն, լինել առատաձեռն ու հոգատար։ Մարդիկ ժամանակի ընթացքում հասկացան, որ նվիրելը նույնքան հաճելի է, որքան նվերներ ստանալը։

Ճապոնական ասացվածքն ասում է՝ եթե նվերն ուրախացնում է, ուրեմն նվիրել ես հոգուդ մի մասնիկը։


Ձեր՝ երկուսիդ աստղը

Երբ նվեր ես փնտրում սիրած էակիդ համար, տրամադրությունդ այնպիսին է, ասես երկնքում ես ու պիտի գտնես ամենագեղեցիկ աստղը՝ միլիարդավոր գեղեցիկների միջից, որն, իհարկե, այնպես չի փայլի, որքան նրա աչքերը, սակայն ամեն գիշեր կառկայծի երկնքում միայն նրա համար։ Հեռավոր այդ աստղի արտացոլանքում նա կտեսնի քո պատկերը։ Սիրած էակիդ աստղ նվիրիր, որն ամենից գեղեցիկն է փայլում երկնքում։ Լուռ գիշերվա մթում ցույց տուր նրան իր աստղն ու ասա․ «Քոնն է, նվիրում եմ քեզ»։ Մի աստղ նվիրելով՝ դու կնվիրես նրան ամբողջ երկինքը, որը նույնքան անհուն է, որքան ձեր սերը։

Հուշերի պահապանը

Երբ նվեր ես փնտրում սիրած էակիդ համար, ցանկանում ես գտնել այնպիսի մի բան, որ տեսնես նրա երջանկությունը, շոշափես այն ու վայելես՝ նրա հետ միասին։ Ցանկանում ես նվիրել ամենաթանկը։ Իսկ ամենաթանկը հիշողություններն են, նվիրական ու պայծառ հիշողությունները։ Սիրած էակիդ ռետրո նվեր արա, ֆոտոալբոմ նվիրիր, որտեղ կլինեն ձեր ամենավառ պահերը՝ պատկերներով, ամենաթանկ հուշերը՝ լուսանկարների տեսքով։ Երջանկությունը մի պահ ավելի շոշափելի կդառնա, իսկ ֆոտոալբոմը հավետ կմնա՝ միշտ հիշեցնելով, թե որքան գեղեցիկ ու գունեղ է կյանքը, երբ միասին եք․․․


Բույր, որը միշտ հիշեցնում է նրան

Երբ նվեր ես փնտրում սիրած էակիդ համար, չես դադարում մտածել, որ նա ամենատարբերվողն է, առանձնահատուկը, այլապես քո սրտում չէր լինի։ Ուստի հարկավոր է գտնել այնպիսի մի բան, որը պարզապես մի փոքր ավելի կընդգծի նրա անհատականությունը ու կլինի դրա լրացնող փոքրիկ մասնիկը։ Սիրելիիդ համար օծանելիք գնիր, սակայն այնպիսի բույրով, որը նրա բնույթին է հարիր։ Եթե թեթև բնավորություն ունի, ուրախ է ու կատակասեր, կարող ես ընտրել սուր ու թեթև, «չարաճճի» երանգներով այսպիսի մի տարբերակ։ Եթե էլեգանտ է ու մի փոքր էլ՝ ռոմանտիկ, ապա փորձիր սիգարի, վանիլի, դարչնի այս բույրը։ Օծանելիքը նվիրիր նրան, բույրը՝ քեզ։

Չի այրում՝ տաքացնում է

Երբ նվեր ես փնտրում սիրած էակիդ համար, մեկտեղիր հաճելին օգտակարի հետ։ Հիշում ես այն երեկոն, երբ նա փափուկ բազկաթոռին թիկնած՝ դառը սուրճ էր վայելում, վայելում էր քո ներկայությունը և սիրով իմաստավորված լռությունը՝ օրվա ավարտին։ Այդ օրը մի բան խանգարում էր՝ ծուխը, սիգարետի ծուխը։ Սիրելի էակիդ ծխախոտի տաքացման համակարգ նվիրիր, որ ոչինչ չխանգարի, չվանի, չայրի, չմոխրացնի․․․


Սեր․ ժամանակն անզոր է

Երբ նվեր ես փնտրում սիրած էակիդ համար, խորհուրդ ունեցող մի բան գտիր։ Վայրկյանները սահում են, րոպեները վերածվում ժամերի, ժամերն՝ օրերի, ու այդպես գլորում են տարիները՝ տանում, մաշում ամեն բան, եթե սեր չկա։ Ժամացույց նվիրիր սիրած էակիդ, այն միշտ նրա ձեռքին կպահի կյանքի ու սիրո հարատևության խորհուրդը, ժամանակի անհունությունը, կնախանշի ձեր կարոտած հանդիպման սպասումը։

Վերջաբանի փոխարեն 

Նվիրիր սիրած էակիդ ինչ ցանկանում ես, նվերն արա սրտանց, հոգածությամբ ու ամենակարևորը՝ սիրով