ՄԱԿ-ը հայտնել է ողջ աշխարհում պարենի ռեկորդային գնաճի մասին


22:45 , 5 փետրվար, 2021

Հունվարին պարենի գների ընդհանուր ինդեքսը աճել է տարեկան արտահայտմամբ 4.7 կետով կամ 4.3%-ով՝ հասնելով 113.3 կետի։ Ցուցանիշն աճ է գրանցում արդեն ութ ամիս շարունակ և 2014 թ. հուլիսից ի վեր հասել է առավելագույնի։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իր մամուլի ասուլիսի ժամանակ։

Կազմակերպությունը ֆիքսում է բոլոր տեսակների ապրանքների գները՝ առավելապես ուշադրություն դարձնելով շաքարին, հատիկավորներին և բուսական յուղին։ Այսպես, շաքարավազի գնի ինդեքսն աճել է 7 կետով՝ 8.1%-ով և հասել 94.2 կետի։ Սա ռեկորդ է 2017 թ. մայիսից ի վեր։ Գնաճը պայմանավորված է Հարավային Ամերիկայում չոր եղանակով, ինչպես նաև նավթի թանկացմամբ։

Հատիկավորների գնի ինդեքսը հունվաին աճել է 8.3 կետով՝ ամսական արտահայտմամբ, կամ 7.1%-ով՝ հասնելով 124.2 կետի։ Առաջարկի ընդհանուր նվազեցման և Հարավային Ամերիկայում չոր եղանակի պատճառով կտրուկ աճել է եգիպտացորենի գինը։ Թանկացել է նաև ցորենը։

Դեկտեմբերին բուսական յուղի գնի ինդեքսն աճել է 7.7 կետով՝ 5.8%-ով՝ հասնելով 138.8 կետի։ Սա 2012 թ. մայիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Ինդեքսը բարձրանում է ութ ամիս շարունակ, քանի որ թանկացել են արմավենու, սոյայի և արևածաղկի յուղերը։

Մսի գնի ինդեքսը ևս բարձրացել է 0.9 կետով կամ 1%-ով՝ հասնելով 96 կետի։ Այն աճ է գրանցում 4 ամիս շարունակ։ Առավելապես թանկացել են թռչնամիսը, հատկապես՝ Բրազիլիայում։ Պատճառը եվրոպական երկրներից արտահանման սահմանափակումներն են։