ԱՄՆ պետքարտուղարը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Մինսկի խմբի համանախագահների գործընթացն առաջ մղելու ջանքերը․ «Ամերիկայի ձայն»


12:32 , 30 հունվար, 2021

Ամերիկայի ձայնը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ, այսօր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդենի հետ:

Քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ուշադրությամբ հետևելու, Բելառուսում ընթացող հետընտրական ճգնաժամը կարգավորելու հետ կապված հարցեր, ինչպես նաև երկարատև և կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործընթացն առաջ մղելու ջանքերը:

Պետքարտուղար Բլինքենը հայտնել է ԱՄՆ աջակցությունը Շվեդիայի ԵԱՀԿ նախագահությանը և նրա կենտրոնացումը ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտություններում առաջընթացի գրանցման, կլիմայի անվտանգության ամրապնդման և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության վրա:

Արտգործնախարար Լինդեի` Մոսկվա կատարվելիք այցի նախօրեին պետքարտուղար Բլինքենը մտահոգություն հայտնեց խաղաղ հավաքները բռնաճնշելու Ռուսաստանի շարունակվող ջանքերի և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության վերաբերյալ: Նա շնորհակալություն հայտնեց արտգործնախարար Լինդեին՝ ԵԱՀԿ սկզբունքները պաշտպանելու Շվեդիայի վճռական նվիրվածության համար: