Ամերիկյան Disney+ ստրիմինգային ծառայությունը արգելափակել է «Դամբո», «Փիթեր Փեն», «Արիստոկրատ կատուները» և «Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը» մուլտֆիլմերի դիտումը 7 տարեկանից ցածր երեխաների համար՝ դրանց մեջ առկա ռասսայական կարծրատիպերի պատճառով, հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ թերթի՝ «Փիթեր Փեն» մուլտֆիլմը, ամենայն հավանականությամբ, արգելափակվել է, քանի որ դրանում պատկերված է հնդկացիների մի ցեղ, որին անվանում են «կարմրամաշկեր»: «Արիստոկրատ կատուները» մուլտֆիլմում կատուներից մեկն ունի ձգված աչքեր և դուրս ցցված ատամներ, այս կերպարի դիզայնը նկարագրվել է որպես Արևելյան Ասիայի ժողովուրդների ծաղրանկար:
«Դամբո» մուլտֆիլմը ծաղրում է հարավային պլանտացիաներում գտնվող աֆրոամերիկացի աշխատողներին, պահերից մեկում անդեմ սևամորթները աշխատում են երգի վիրավորական բառերի ներքո. «Երբ ստանում ենք մեր աշխատավարձը, մենք վատնում ենք ամբողջ գումարը»: «Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը» քննադատության է արժանացել «դեղին» և «շագանակագույն» դեմքերով ծովահենների պատճառով:
Արգելափակումը չի տարածվում մեծահասակների օգտահաշիվների վրա:
Ըստ թերթի՝ «Դիսնեյի» ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններ տալ: