Հերթական հետքայլը


16:44 , 13 հունվար, 2021

Ինչպես գիտեք, Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը, որով նախատեսվում է՝

- մինչդատական քրեական վարույթի գործերի (այդ թվում՝ կալանքների, գաղտնալսումների հարցերով) և կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնել քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից, որոնք կներգրավվեն արտահերթ կարգով նշանակվող նոր դատավորներից կամ «վեթթինգ» անցած գործող դատավորներից.

- ավելացնել դատավորների թվակազմն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 21-ով, իսկ վերաքննիչ քրեական դատարանում՝ 3-ով,

- նոր դատավորների թեկնածուների հավակնորդների ուսուցումը և փորձաշրջանն իրականացնել երկամսյա ժամկետում:

Այս նախագծային փաթեթը խնդրահարույց է և չի պարունակում բավարար հիմնավորում:

Մասնավորապես․
- երկամսյա ժամկետում նոր դատավոր «պատրաստելու» քաղաքականությունը հարվածելու է արհեստավարժ դատավորներ ունենալու հանրային շահին,

- Երևան քաղաքում մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը միայն «նոր դատավորներին» (այդ թվում՝ վեթինգ անցած) վերապահելու մոտեցումը կարող է բացատրվել միայն քաղաքական բաղադրիչով, որը նպատակ է հետապնդում ավելի վերահսկելի դարձնել հատկապես կալանքի սանկցիաների մասով դատավորների որոշումները, որոնք վերջին շրջանում իշխանահաճո չեն:

Հիշեցնեմ, որ գործող իրավակարգավորումներով դատավորի թեկնածուի ուսումնառության նվազագույն ժամկետը սահմանված է 7 ամիս, իսկ փորձաշրջանի տևողությունը՝ 3 ամիս:

Առաջարկվող հետքայլը չունի այլ բացատրություն: