Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեծ թվով բարդ հարցեր կան, որոնք գոնե նախնական քննարկում են ակնկալում, նոր միայն՝ կոմունիկացիաների վերաբերյալ որոշումներ


15:21 , 8 հունվար, 2021
Հասկանում եմ այն ծնողներին, որոնց որդիները զորակոչվում են բանակ, և ովքեր մեծ թվով հարցեր ունեն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սակայն խիստ վտանգավոր եմ համարում հանրության շրջանում ակտիվացած հայաստանցիների՝ Արցախում ծառայել-չծառայելու թեզը։
Ես հասկանում եմ, որ սա շատ դեպքերում խրախուսվում է իշխանության կողմից, որովհետև նրանք Ադրբեջանի հետ այդ թեմայով քննարկումներ-պայմանավորվածություններ ունեն։ Բայց նաև հասկանում եմ, որ հանրության շրջանում խիստ մտահոգություններ է առաջացել հատկապես նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտման և հայ զինծառայողների նոր գերեվարումներ հետ կապված հարցերը։
Մարդիկ իրենց մաշկի վրա զգում են պետության բացակայությունը, ինչը, ցավոք, մեծ թվով բացասական հետևանքներ է իր հետ բերում։
Արցախում մեր հայրենակիցներն են, մեր ընկերները, հայի տեսակը, և նրանք մեր բոլորի սատարման կարիքն ունեն։
Եկեք տարանջատենք վատ իշխանություն կամ դրա բացակայություն ձևակերպումներն արցախցիների կողքին լինելու և հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով նրանց աջակցելու անհրաժեշտությունը։
Պաշտպանության նախարարը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետք է մարդկանց հետ պարզ լեզվով խոսեն՝ որքան էլ որ դա նրանց համար այս փուլում դժվար լինի։ Ի վերջո, իրենք ևս պատասխանատու են ստեղծված իրավիճակի և դրա հնարավոր վտանգավոր զարգացումների համար։
Մարդիկ, ովքեր զինվոր են բանակ ճանապարհում, պետք է հստակ հասկանան, թե ինչ խնդիրներ են լուծում իրենց տղաները, և ինչպես է իր անելիքները տեսնում պետությունը։
Իսկ նրանց զորակոչելու և մեր հայրենիքի ամենատարբեր հատվածներ ծառայության մեկնելու խիստ անհրաժեշտությունը կա։
Վաղարշակ Հարությունյան, Օնիկ Գասպարյան, օգտագործեք ցանկացած առիթ մարդկանց հետ խոսելու, նրանց մտահոգող հարցերի պատասխանը տալու, նրանք դրա կարիքն ունեն։