Իրանը մտահոգություն է հայտնել միջուկային զենքի փորձարկումներ իրականացնելու ԱՄՆ-ի մտադրության կապակցությամբ


10:58 , 16 դեկտեմբեր, 2020

Pars Today-ը գրում է․

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը, ափսոսանք հայտնելով զինաթափման և չտարածման պայմանագրերի նկատմամբ ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ, մտահոգություն է հայտնել միջուկային փորձարկումներ իրականացնելու Վաշինգտոնի մտադրության կապակցությամբ:

Միջուկային համապարփակ արգելքի մասին պայմանագրի նախնական հանձնաժողովի (CTBT) նիստում ունեցած ելույթում, Քազեմ Ղարիբաբադին մտահոգություն է հայտնել միջուկային փորձարկման նախապատրաստվելու համար ԱՄՆ Սենատի կոմիտեի կողմից 10 միլիոն դոլար արժողությամբ բյուջեի հաստատման կապակցությամբ  և Միացյալ Նահանգներին կոչ արել  պահպանել այս ոլորտում իր ստանձնած պարտավորությունները:

Ղարիբաբադին դատապարտել է Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագիրը չստորագրելու Սաուդյան Արաբիայի քայլը  և Ռիադին հորդորել հնարավորինս շուտ ստորագրել պայմանագիրը:

Քազեմ Ղարիբաբադին  հավելել է. «Թեհրանը կարծում է, որ միջուկային զենքի   բոլոր տեսակի  փորձարկումները, ինչպես նաև այդ զենքի քանակի ավելացումն ու արդիականացումը դադարեցնելն առաջին անհրաժեշտ քայլն է միջուկային զինաթափման ուղղությամբ»: