Հայաստանը շարունակում է մնալ սուվերեն պետություն նաև պատերազմից հետո, այդ Փաշինյանն է այն ցանկանում դարձնել ՌԴ-ի ծայրագավառ


12:26 , 3 դեկտեմբեր, 2020

ՀԱՊԿ հեռավար գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, քանի որ ծանր որոշում են կայացրել, ու պետք է պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, այն բաղձալի բառերն էին մեր վարչապետի համար, որոնք լսելու համար էլ այս օրերին նա շտապում էր ՌԴ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ ՌԴ նախագահն էլ հասկացրեց, որ եթե դրա համար ես գալիս, ո՞վ է քո պարապը, կարիք չկա, ես այդ բառերը կասեմ ի լուր աշխարհի։ Ու որքան էլ մեր իշխանությունները փորձեն բացատրել, թե Մոսկվայում կայանալիք երկու գագաթնաժողովները որոշվեց անցկացնել հեռավար, ու դրա համար Փաշինյանը Մոսկվա չմեկնեց, ուղղակի աբսուրդի ժանրից է։ Դա հո վարչապետի ուղղաթի՞ռը չէ, որ եթե չքշեն, շարքից դուրս կգա, ավելի լավ է՝ լցվեն մեջն ու գնան-գան Արցախ, «ձեռի հետ» էլ այնտեղ ծառայող իր տղային՝ Աշոտիկին, հանդիպեն։

Ասել, թե՝ դե, որ Մոսկվա էի գնալու, «ձեռի հետ» էլ Պուտինի հետ բարձր մակարդակի հանդիպում ունենամ, բայց որ Մոսկվա գնալը չեղավ, հանդիպումն էլ չեղարկեցինք, խնդա՞նք, թե՞ լանք։ Պուտինն այսօր աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական դեմքերից է, եթե չասենք՝ ամենաազդեցիկը, իսկ գերտերության կշիռ ունեցող իր երկիրը հավակնում է դառնալ կայսրություն, ու նրա նախագահի հետ կարելի է հանդիպել «ձեռի հե՞տ»։ Այսինքն՝ ՌԴ նախագահն այնքան հզոր է, որ բավական է նրա աջակցող խոսքը, ու Փաշինյանը փրկված է, բայց այնքան անկարևոր գործիչ է, որ եթե Մոսկվայում ուրիշ գործ չունենար Փաշինյանը, ուրեմն նրա հետ չէր հանդիպի՞։ Սա արդեն միայն վարչապետի ու նրա աշխատակազմի անլրջության մակարդակը չէ, սա եթե երկար շարունակվի, դրսում համարելու են, որ մեր պետության մակարդակն է, քանի որ մեր ազգն ու պետությունը հանդուրժում են այս խայտառակ իշխանությանը։

Հիմա ի՞նչ է ստացվում, երկրում հանրային աջակցությունը կորցրած Փաշինյանը դրսում հենարան է գտել իր կարծիքով, ու սիրահոժար ՀՀ-ի սուվերենության ցանկացած մաս հանձնում է ՌԴ-ին, որպեսզի իր դիրքերն ամրացնի մեր երկրում, թե, բացի իրենից, էլ ո՞վ կարող է նման բաներ անել ՌԴ-ի համար։ Հայաստանը շարունակում է մնալ սուվերեն պետություն նաև պատերազմից հետո, այդ Փաշինյանն է այն ցանկանում դարձնել ՌԴ-ի ծայրագավառ, թե չէ նման ցանկություն չունի մեր ռազմավարական դաշնակիցը։ Ո՞վ է ասել, թե ՌԴ-ն ցանկանում է, որ Հայաստանը մտնի իր կազմ, երբ նման ցանկություն չի հայտնել անգամ Աբխազիայի ու Հարավային Օսիայի պարագայում, երբ մենք ցամաքային սահման չունենք ՌԴ-ի հետ, անգամ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ որևէ երկրի հետ, որպեսզի գոնե այդ ընդհանուր ռազմաքաղաքական ու տնտեսական տիրույթի շրջանակներում Ռուսաստանի հետ հաղորդակցվեինք ցամաքային ճանապարհով։ Չլինի՞ մեզ առանց ծով Կալինինգրադ են ուզում պատկերացնել։ Տարիներ շարունակ Բելառուսի հետ ընդհանուր պետության գաղափարի շուրջ որքան էլ գործնական քայլեր են արվում, արդյունքում դեռ դա կյանքի չի կոչվել ու չգիտենք՝ երբ կլինի, դրանից ինչ կստացվի, ի՞նչ ենք «անջուր բոբիկացել»։

Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, այս բարդ տարածաշրջանում որպես գործոն, որպես ինքնուրույն խաղացող ՌԴ-ին ավելի շատ է պետք, քան թե որպես գլխացավանք ծայրագավառ։ Ես դեռ չեմ խոսում մեր ժողովրդի կամքի մասին, որ նման ցանկություն չկա, այլ նրա մասին, որ նման ցանկություն ունի մեկ մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Ու որքան շուտ նա հեռանա, այնքան շուտ կհզորացնենք մեր երկիրը, որպեսզի կարողանանք աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակում կորցրածը հետ բերել։ Թե չէ մինչև ուժեղանալու պլաններ կազմենք, Փաշինյանը եղածն էլ կհանձնի ՌԴ-ին ու վերջ։ Ժամանակը շատ կարճ է, սթափվել է պետք։