Եթե սպիտակ ես, ուրեմն քեզ կուտեն. ալբինոսների սարսափելի ճակատագիրն Աֆրիկայում


18:02 , 2 օգոստոս, 2013

Համաձայնվեք, որ ավելի տարօրինակ և անգամ աբսուրդային հնչող բառակապակցություն, քան սպիտակ նեգրն է, հորինելը բավականին բարդ է, բայց իրականում սա բառախաղ չէ, և թեև հազվադեպ, բայց սպիտակ սևամորթներ հանդիպում են: Սովորաբար, ալբինոս ձագերի ծնունդները հանդիպում են կենդանական աշխարհի ներկայացուցիչների մոտ, բայց երբեմն մարդկանց մոտ էլ է այս գենետիկ մուտացիան պատահում:

Մի բան է սակայն ծնվել նման անոմալիայով, և մեկ այլ բան՝ կարողանալ կենդանի մնալ և հատկապես Աֆրիկայում: Աֆրիկան և հատկապես Արևելյան Աֆրիկայի Տանզանիան ալբինոսների ծնունդների անոմալ բարձր ցուցանիշով տարածք է: Այստեղ ալբինոսները 15 անգամ ավելի շատ են ծնվում, քան մնացած աշխարհում: Սարսափելին այն է, որ ալբինոս-նեգրերը տեղի հասարակության ամենախոցելի հատվածն են, որովհետև նրանց նկատմամբ բառիս բուն իմաստով որս է ընթանում: Նրանց բռնում են, կտորների բաժանում և ուտում միսը` որպես դեղամիջոց, իսկ Արևմուտքը փորձում է փրկել նրանց՝ ապաստան տալով հատուկ կենտրոններում:
Աշխարհում ալբինոսների ցուցանիշը կազմում է 1/20000, իսկ Տանզանիայում նույնօրինակ ցուցանիշն արդեն 1/1400 է, Կենիայում ու Բուրունդիում՝ 1/5000: Գիտնականները մինչ օրս էլ չեն կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչո՞ւ է հենց այս տարածաշրջանում ալբինոսների ծննդի նման բարձր ցուցանիշ: Հայտնի է, որ որպեսզի երեխան ծնվի ալբինոս, նրա երկու ծնողներն էլ պետք է ունենան այդ գենը:
Տանզանիայում ալբինոսները հասարակության ամենաոտնահարված շերտն են, և նրանք ստիպված միմյանց հետ են ամուսնանում, և գուցե հենց սրանով էլ պայմանավորված է ալբինոսների ծնելիության նման աննախադեպ բարձր ցուցանիշը աֆրիկյան հետամնաց այս երկրում:
Ալբինոսների բարձր թիվը «կարգավորվում» է բառիս բուն իմաստով նրանց՝ սևամորթ-նեգրերի կողմից սպառումով: Առնվազն հինգ դար է, ինչ տվյալ տարածաշրջանում տարածված կարծիք կա, որ ալբինոս նեգրերի միսը բուժիչ հատկություններ ունի, և արդեն դարեր շարունակ նրանց նկատմամբ որս է իրականացվում: 2006 թվականից ի վեր առնվազն 71 ալբինոս զոհվել է, և ևս 31-ին հաջողվել է ճողոպրել «որսորդների» ձեռքերից:
Որսորդների համառությունը կարելի է ինչ-որ տեղ հասկանալ, եթե հաշվի առնենք, որ տեղական շամանները պատրաստ են վճարել 50-100 հազար դոլար մեկ ալբինոսի թարմ մարմնի համար, իսկ դա, ոչ ավել, ոչ պակաս, միջին տանզանիացու 25-50 տարվա եկամուտի չափսն է:
Ալբինոսների մսի պահանջարկը կտրուկ աճեց Տանզանիայում ՁԻԱՀ-ի տարածմանը զուգահեռ: Առաջացավ նոր վարկած, համաձայն որի` ալբինոսների սեռական օրգանները չորացրած վիճակում ուտելով կարելի է ապահովագրվել ՁԻԱՀ-ի վարակից:
Մինչև վերջերս ալբինոսների որսի համար գրեթե ոչ մի հետապնդում չէր իրականացվում, և տեղի կոռումպացված իշխանությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ իրենք էին այս կամ այն կերպ կապված ալբինոսների մսի առևտրի և սպառման հետ, նպաստում էին նրան, որ սպանվածներին պարզապես հայտարարում էին անհայտ կորած: Բայց արևմտյան հանրությունը այնքան էր ցնցվել այս դժբախտ մարդկանց նկատմամբ կիրառվող վայրագություններից, որ ի վերջո միջազգային ճնշման ներքո տեղի իշխանությունները ձեռնամուխ եղան մարդակերներին բացահայտելու և պատժելու գործին:
2009 թվականին Տանզանիայում տեղի ունեցավ առաջին դատը՝ ալբինոս սպանողների նկատմամբ: 3 տղամարդ բռնել էին 14-ամյա ալբինոսի, սպանել էին նրան, մանր կտորների էին բաժանել, որպեսզի վաճառեին կախարդներին: Դատարանը որոշեց մահապատժի դատապարտել հանցագործներին:
Բայց այս դատավարությունը մարդակերներին ոչ այնքան վախեցրեց, ինչքան ավելի զգուշավոր ու հնարամիտ դարձրեց: Հիմա նրանք ալբինոսներին սպանելու փոխարեն անցել են նրանց անդամահատությունների ենթարկելուն: Նման դեպքերում, անգամ եթե հանցագործին բռնում են, նրանց մահապատիժ չի սպառնում, այլ 5-8 տարի ազատազրկում՝ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար:
Վերջին երեք տարիների ընթացքում առնվազն 90 ալբինոսների մոտ անդամահատել են ձեռքերն ու ոտքերը, և այդ 90-ից միայն 3-ն են մահացել նման «վիրահատություններից» հետո: Տանզանիացի ալբինոսների 98 տոկոսը չի ապրում 40 տարուց ավել, բայց դրա պատճառը ոչ այնքան կաննիբալների կողմից սանձարձակված որսն է, որքան այն հանգամանքը, որ նրանց մաշկը և աչքերը չեն կարողանում դիմակայել ուլտրամանուշակագույն ճառագայթներին, և ալբինոսների 60-80 տոկոսը արդեն 16-18 տարեկանում կորցնում է տեսողությունը, իսկ մինչև 30 տարեկանը 60 տոկոս հավանականությամբ մաշկի քաղցկեղ է ձեռք բերում:
Իրականում, սրանից խուսափելը այդքան էլ բարդ չէ, պարզապես պետք է պարբերաբար օգտվել արևապաշտպան քսուքներից, բայց ողջ խնդիրը նրանում է, որ աղքատ Տանզանիայում մարդիկ անգամ օրվա հացի փող չեն կարողանում ճարել:
Ալբինոսների միակ հույսը Արևմուտքի ուշադրությունն է, և Արևմուտքն օգնում է նրանց: Տանզանիա և Արևելյան Աֆրիկայի երկրներ պարբերաբար ուղարկվում են ալբինոսների համար նախատեսված դեղերի և արևի դեմ պայքարելու այլ միջոցների խմբաքանակներ, իսկ որ ավելի ավելի կարևոր է՝ արևմտյան փողերով կառուցվում են հատուկ կենտրոններ, որոնց բարձր պատերի և պահակազորի պահպանության ներքո ապրում են ալբինոսները՝ մեկուսացված շրջապատող սարսափելի իրականությունից: