Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ Մարտունու շրջանի ղեկավարին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում


12:58 , 22 նոյեմբեր, 2020

Որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Միքայելի Մելքումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Միքայելի Մելքումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Արարատ Մելքումյանի՝ զինվորականի օրինակելի կերպարը բացահայտվել է դեռեւս Արցախյան առաջին պատերազմի, ապա եւ պրոֆեսիոնալ ծառայության ընթացքում: 2016թ.-ի քառօրյա պատերազմի օրերին նրա անձնուրաց գործողությունները Հայրենիքը բարձր էր գնահատել՝ արժանացնելով «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: Իսկ այն, ինչ արեց պահեստազորի գնդապետն արդեն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում, ոչ միայն պահի սխրագործություն էր, այլեւ դաս սերունդներին՝ երբեք չհանձնվել:

Մենք մեր մեջքն ուղղելու ժամանակ ունենք…»,- գրել է նա։